ԵՊԲՀ հնդիկ ուսանողներն այսօր հանդիսավոր կերպով ստացան «Տրոպիկական հիվանդություններ» վերապատրաստման հավաստագրեր, որոնք դասընթացի առաջին շրջանավարտներին հանձնեցին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալը:
Ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի նախաձեռնած ծրագիրը հաջողել է: «Մենք պլավորել ենք կազմակերպել մի շարք դասընթացներ, որոնք կօգնեն ձեզ ձեր հետագա գործունեության ընթացքում»,-ասաց նա՝ ուրախություն հայտնելով, որ բժշկական համալսարանը կարողանում է միջազգային դաշտում ապահովել մասնագետների այն որակը, որը պահանջված է:
Արմեն Մուրադյանը նշեց, որ չնայած Հայաստանում տրոպիկական հիվանդությունները պրակտիկ դաշտում չեն հանդիսանում սուր անհրաժեշտ, սակայն այս ուղղությամբ ուսանողների վերապատրաստումը կարևոր է: «Հաշվի առնելով, որ ԵՊԲՀ-ում սովորում է 35 երկրների շուրջ 1800-ից ավել ուսանող, նրանք հետագայում հնարավոր է աշխատեն այնպիսի երկրներում, որտեղ տրոպիկական հիվանդությունների մասին գիտելիքներ ունենալն արդիական է»,-ընդգծեց ռեկտորը:
Կիշան Դան Դևալը ողջունեց դասընթացին մասնակցած և հավաստագրերի արժանացած ուսանողներին՝ կարևորելով ԵՊԲՀ-ի կողմից անցկացվող ծրագրերի անհրաժեշտությունը հնդիկ ուսանողների համար:
Նշենք, որ «Տրոպիկական հիվանդություններ» վերապատրաստման դասընթացը, որն անց է կացվում Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ, նպատակ ունի առավել խորացված դասավանդել որոշ հիվանդություններ, որենք մեծ տարածվածություն ունեն Հնդկաստանում։ Այն բացարձակ անվճար է ուսանողների համար և կազմակերպվում է արտասահմանում բազմաթիվ վերապատրաստումներ անցած ԵՊԲՀ դասախոսների ուժերով։