ԵՊԲՀ ռեկտորը կամավորական աշխատանք կատարած 172 ապագա բժշկի շնորհեց պատվոգիր

ԵՊԲՀ ռեկտորը կամավորական աշխատանք կատարած 172 ապագա բժշկի շնորհեց պատվոգիր

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում համալսարանական երեք հիվանդանոցում կամավորական աշխատանք կատարելու համար 172 ապագա բժշկի շնորհեց պատվոգիր:

Բարձր գնահատելով իրականացրած աշխատանքն ու շնորհակալություն հայտնելով մասնակցության համար՝ բուհի ղեկավարն ընդգծեց, որ բժշկական կրթօջախի 100-ամյակի շրջանակում մեկնարկած նախաձեռնությունը կշարունակվի մինչև հունիսի 18-ը: «Համալսարանական հիվանդանոցների մասնագետները մարտի 12-ից անվճար բուժօգնություն են տրամադրել ավելի քան 1792 բուժառուի, 160-ը վիրահատվել է 50 տոկոս զեղչով»,-նշեց նա՝ հույս հայտնելով, որ մինչև հունիսի 1-ն անվճար բուժօգնություն ստացածների թիվը կհատի 2000-ի սահմանը, որից հետո կմեկնարկեն այցերը դեպի մարզեր: «Մասնակցել ցանկացողներին սիրով հրավիրում ենք»,-խոսքն ուղղելով ապագա բժիշկներին՝ ասաց ռեկտորը:

100-ամյա հոբելյանի առթիվ տոնակատարության փոխարեն կազմակերված հանրօգուտ գործընթացի նպատակն է ևս մեկ անգամ ցույց է տալ, որ բժշկի համար առաջնայինը հիվանդի առողջությունն է: Այն լավագույս ընդգծում է ժողովրդի թիկունքին կանգնած բժշկական դարբնոցի կարգավիճակը: «Դուք համալրելու եք սպիտակ բանակի շարքերը: Կարողանալով ներգրավվել այդ աշխատանքներին, մասնակցելով այս ազգանվեր գործին՝ երիտասարդ տարիքում արդեն գիտեք, որ ժողովրդի թիկունքին կանգնելը բժշկի ձեր առաքելությունն է»,-փաստեց Արմեն Մուրադյանը: Ընդգծելով հիվանդանոցային կյանքի դժվարությունները՝ ռեկտորը հույս հայտնեց, որ սովորողները ժամանակի ընթացքում ոչ միայն կձուլվեն, այլև կգլխավորեն այնտեղ տարվող աշխատանքները: «Այստեղ նստած են մարդիկ, որոնք կլինեն բժշկական տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, առողջապահության կազմակերպիչներ: Իսկ փայլուն մասնագետ լինելը ոչ թե նպատակ է, այլ հնարավորություն իրականացնել ձեր առաքելությունը»,- համոզմունք հայտնեց նա` հատուկ շնորհակալություն հատնելով ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանին՝ ուսանողների կամավորական աշխատանքը կազմակերպելու համար:

Բուհի ղեկավարն ուսանողներին տեղեկացրեց նաև, որ 2023 թվականի վերջին բժշկական համալսարանը սկսում է միջազգային հավատարմագրման գործընթաց: «Մենք չենք խնայում ջանք ու եռանդ, իսկ դրա համար ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Մեզ անհրաժեշտ է ինքնակազմակերպվել, իսկ այդ գործում կարևոր է յուրաքանչյուր ուսանողի մասնակցությունը՝ բարձր առաջադիմությունը, կարգապահությունը, պատասխանատու մոտեցումն ուսումնական գործընթացին: Մեր նպատակն է պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնց կրթությունն ու դիպլոմը ճանաչելի լինեն աշխարհում, իսկ մեր բուհում կրթություն ստացած յուրաքանչյուր ապագա բժիշկ միևնույն ժամանակ նախընտրի ծառայել հայրենիքին»,-ասաց նա՝ վստահացնելով, որ այդ գործընթացում հաղթանակը կդառնա նաև յուրքանչյուրի ձեռքբերումը: