Ստոմատոլոգիական ֆակուլտետի 4-րդ կուրսի 22-ամյա ամերիկահայ սովորող Լիլիան Ալնիհմը երախտապարտ է ԵՊԲՀ-ում իր ուսումնառության համար։ Նա մեկն է այն ուսանողներից, ով Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանի համակարգմամբ գործող Doctors for Tomorrow նախաձեռնության ակտիվ անդամն է։ Նախաձեռնությունը ամփոփում է տարբեր սովորողների գաղափարները։ DOT-ը ակումբ է կամ ապագա ստոմատոլոգի բնորոշմամբ՝ ապահով տարածք ուսանողների համար։ «Մեր տեսլականն ավելի զարգացավ համալսարանում անցկացված մի քանի հանդիպումներից հետո։ Որպես օտարերկրացի ուսանողներ մենք հարմարավետ միջավայրում ենք մեզ զգում, քանի որ ակումբի նպատակն է համախմբել արտերկրից ժամանած սովորողներին»,- պատմում է Լիլիանը՝ հավելելով, որ տեղացի ուսանողները ևս կարող են ցանկության դեպքում անդամակցել ակումբին, նպաստել այս նախաձեռնության կայացմանը։
Որպես DOT-ի նախաձեռնող՝ ԵՊԲՀ ուսանողը նշում է, որ ակումբը նպատակ ունի տարբեր մշակույթներ, կրոնական պատկանելիություն, հայացքներ ունեցող ուսանողներին համախմբել համընդհանուր գաղափարների շուրջ։ «Կառուցել կամուրջներ և ոչ թե պատեր»,-ընդգծում է սովորողը։ Ակումբի մասնակիցները ծրագրում են քննարկել տարաբնույթ հարցեր։ Դրանցից որպես օրինակ Լիլիանը մատնանշում է պացիենտ-բժիշկ փոխհարաբերությունները, որոնց և նվիրված են եղել վերջին քննարկումները։ Լիլիան Ալնիհմի գնահատմամբ՝ համատեղ իրենք հնարավորություն ունեն արտահայտել իրենց տեսակետները, ի հայտ բերել սխալները, մատնանշել դրանց լուծման ուղիները։ DOT-ի անդամները ծրագրում են ապագա բժիշկների, դեղագետների և ստոմատոլոգների համար ամուր հիմքեր ստեղծել։ «Մենք կենտրոնանում ենք այն խնդիրների վրա, որոնք ուսանողներն են վեր հանում։ Մենք քննարկում ենք փիլիսոփայությանը, էթիկային, հոգեկան աողջությանը վերաբերող, ինչպես նաև բազմաթիվ այլ թեմաներ»,- նշում է ակումբի հիմնադիրը։
Առաջիկայում հանդիպումները շարունակական են լինելու։ Հայարփի Սահակյանի խոսքով՝ ուսանողական ակումբը մի շարք նպատականեր ունի։ Ակումբի գործունեությունը կնպաստի նրան, որպեսզի ապագա հայ և օտարերկրացի բժիշկները սոցիալական, կթական, մշակութային այլ ուղղություններով խորհրդատվություն ստանան, քննարկեն իրենց հետքրքրող և հուզող հարցեր։ Դասախոսն ընդգծում է, որ պատահական չէ, որ ակումբը չունի նախագահ, քարտուղար։ Նորաստեղծ նախաձեռնություն ծառայելու է հարթակ՝ օտարեկրացի ուսանողներ բուհական միջավայր ինտեգրվելուն։ Յուրաքանչյուր հաջորդ հանդիպումը նախաձեռնում են հենց իրենք ուսանողները։ Քննարկումների շրջանակում բարձր կուրսցիները կիսվում են իրենց փորձով այս կամ այն առարկայի քննությանը պատրաստվելու և ուսումնական այլ թեմաների վերաբերյալ։
Հայարփի Սահակյանը նշում է նաև, որ Doctors for Tomorrow ակումբը «Ճանապարհ դեպի փիլիսոփայություն» խորագրով Հասարակագիտական առարկաների ամբիոնում գործող խմբի օրգանական շարունակությունն է։
Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան