Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ում մեկնարկեց միոֆունկցիոնալ թերապիային նվիրված երկօրյա վեհաժողովը

ԵՊԲՀ-ում մեկնարկեց միոֆունկցիոնալ թերապիային նվիրված երկօրյա վեհաժողովը

Այսօր ԵՊԲՀ նիստերի դահլիճում մեկնարկեց Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի կողմից կազմակերպված մասնագիտական «Միոֆունկցիոնալ թերապիայի դերը բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելիչ և բուժական նպատակներով» խորագրով երկօրյա վեհաժողովը:

Վեհաժողովին ներկա էին մի շարք բժիշկ-ստոմատոլոգներ, օրթոդոնտներ, մանկաբույժների և ՔԿԱ մասնագետներ:

Ստոմատոլոգների ֆակուլտետի դեկան, դոցենտ Լազար Եսայանը բացման խոսքում նշեց, որ միջոցառումը ոչ միայն նվիրված է ստոմատոլոգիային, այլև ընդհանուր մոտեցում է մարդու կառուցվածքի մասին. «Շատ կարևոր է, որ այս մասնագիտությունը գոնե ուղղորդիչ նպատակներով տիրապետեն մակաբուժները, օրթոդոնտները, բժիշկ-ստոմատալոգները, օրթոպեդերը, նաև շատ այլ մասնագետներ»:

Լազար Եսայանի խոսքով՝ փոխադարձ համագործակցության արդյունքում կունենանք խանգարված քնի լավացում, հենաշարժիչ ապարատի խնդիրների ապաքինում:

Նա նշեց, որ դպրոցներից մեկում երկու օր անցկացրել են գիտահետազոտական, ուղղորդիչ և խորհրդատվական աշխատանքներ և պարզել, որ երեխաների մեծ մասն ունեն նման խնդիրներ: Ստոմատոլոգների ֆակուլտետի դեկանը հայտնեց, որ վեհաժողովի ավարտից հետո  ԵՊԲՀ-ում ևս երեխաների անմիջական մասնակցությամբ նման գետահետազոտական աշխատանքներ կանցկացվեն:

Պրոֆեսոր Պետրոս Յավրու Սակուկն էլ, ով նաև Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի ներկայացուցիչն է միջազգային հարթակում, հանդես եկավ դասախոսությամբ՝ նշելով, որ ուրախ է Հայաստանում գտնվել և կիսվել իր մասնագիտական գիտելիքներով. «Ուրախ եմ բոլորիդ տեսնելու, ապագա սերնդին, որը պետք է աշխարհում հաջողություններ ունենա: Ինձ համար ամեն մի աշխատանք արդեն հաջողություն է, պարծանք»:

Պրոֆեսորի խոսքով՝ բուժման ամենակարևոր կետը, իհարկե, ատամների շարքի նորմալ լինելն է, բայց և այնպես շնչառությունը շատ կարևոր տեղ ունի մեր առօրյա կյանքում և մեծ է նրանց դերը նաև այդ խնդրի լուծման համար:

ԵՊԲՀ մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ստոմատոլոգ Հրանտ Տեր-Պողոսյանն էլ իր դասախոսության ընթացքում նշեց, որ ոչ միայն պետք է ուշադրություն դարձնել ատամներին, այլև նկատել շրթունքները, լեզուն, որոնք մեծ դեր ունեն խնդիրների բացահայտման համար:

Այնուհետև իր մասնագիտական հարուստ փորձով կիսվեց միոֆունկցիոնալ թերապիայի հետազոտությունների Մոսկվայի մասնաճյուղի տարածաշրջանային տնօրեն Վալենտինա Գեչան՝ խոսելով ստոմատոլոգիական և օրթոդոնտիկ պրակտիկայում միոֆունկցիոնալ շտկումների կարևորության մասին: