Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ում «Թամազյան վիրաբուժության դպրոց» է բացվել. ՏԵՍԱՆՅՈւԹ

ԵՊԲՀ-ում «Թամազյան վիրաբուժության դպրոց» է բացվել. ՏԵՍԱՆՅՈւԹ

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում այսօր հանդիսավորությամբ բացվեց վիրաբուժական մասնագիտություններով գործնական հմտությունները կատարելագործելուն ուղղված «Թամազյան վիրաբուժության դպրոցը», որը կկրի «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի նախկին ղեկավար, անվանի բժիշկ-գիտնական Համլետ Թամազյանի անունը: Ռեկտորատի ընդլայնված կազմով նիստն նվիրված էր լուսահոգի Համլետ Թամազյանի 75-ամյա հոբելյանին, որը լրացավ երեկ՝ մայիսի 1-ին:

Հատկանշական է, որ 1990-ականներին հենց պրոֆեսոր Համլետ Թամազյանն էր նման նախաձեռնություն կյանքի կոչել վիրաբուժության ինստիտուտում: Նրա ղեկավարման տարիներին վիրաբուժական այս խոշոր դարբնոցում գործնական գիտելիքներ ձեռք բերողները՝ իր աշակերտները, ակտիվորեն մասնակցել են վիրաբուժական միջազգային գիտաժողովների, համագումարների, գրանցել բազում հաջողություններ:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը խոսելով ավագ ընկերոջ, ականավոր վիրաբույժ Համլետ Թամազյանի մասին՝ նշեց, որ ծանոթացել է նրա հետ 1987 թվականին և երբեք չէր պատկերացնի, որ տարիներ անց բժշկական հանրության դատին հանձնվելու է մի դպրոց, որը ժամանակին հիմնադրել է հենց պրոֆեսոր Թամազյանը:

«Շատ խիզախ էր իր որոշումների մեջ, իրեն բնութագրող վիրաբուժական կոլորիտով, երբեք չէր հանդուրժի վիրաբուժական ոչ հարիր կեցվածք»,- ներկաներին, Թամազյան ընտանիքի անդամներին ողջունելով՝ ասաց Արմեն Մուրադյանը: Նրա գնահատմամբ` Համլետ Թամազյանը հայ մարդու իրական կերպար էր, բացառիկ հնարավորություններով օժտված վիրաբույժ, որը կանգնած է այսօրվա վիրաբուժության ակունքներում:

«Այդ դպրոցը կերտեց վիրաբուժության սերուցքը, որի շրջանավարտները, սովորողները դարձան վիրաբուժության հիմնական շարժիչ ուժը՝ առաջատար մասնագետներ, ամբիոնի վարիչներ: Այդ դպրոցի հիմքում էր Համլետ Սերգեյովիչի անզուսպ ցանկությունը տեսնել արժանի վիրաբույժներ, որոնք հետագայում կարող էին համալրել այն բանակը, որը ստեղծել էր սովետական բժշկությունը»,- ասաց բժշկական բուհի ղեկավարը` հավելելով, որ ավագ գործընկերը երբեք անտարբեր չէր իր շուրջը կատարվող իրադարձությունների նկատմամբ:

Արմեն Մուրադյանը վստահություն հայտնեց, որ Համլետ Թամազյանը, ականատեսը լինելու դեպքում, կհաստատեր հաջողությունների այն ուղին, որը վերջին տարիներին որդեգրել է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտը:

Ականավոր վիրաբույժի անունը կրող դպրոցի վերաբացումը նախանշում է բժշկական, համալսարանական այս խոշոր կառույցի հետագա հաջողությունները:

«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հարությունյանը կհամակարգի մեկնարկող համալսարանական նախաձեռնության, դպրոցի աշխատանքները: Նա շուրջ 20 տարի աշխատել է Համլետ Թամազյանի հետ:

«Փայլուն վիրաբույժ էր, անկրկնելի խարիզմա ուներ, բացառիկ մարդ էր»,- նկատեց Արմեն Հարությունյանը` հավելելով, որ մեկնարկող ծրագիրը կարևոր է, թե՛ մարդկային, թե՛ վիրաբուժական տեսակետից:

Բժիշկ Հարությունյանը վստահեցրեց, որ նորաստեղծ դպրոցի մասին լսելու դեռ շատ առիթներ կլինեն: Նա ողջունեց Թամազյան ընտանիքի անդամներին, բոլոր այն մարդկանց անունից, որոնց սրտում վառ է ուսուցչի հիշատակը:

Համլետ Թամազյանի դուստրը ակնաբույժ, միկրովիրաբույժ` Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը ելույթը սկսեց ընտանիքի կողմից ԵՊԲՀ ղեկավարությանն ուղղված շնորհակալական խոսքով, մեջբերելով հայրիկի` «Պետք է հիշես, որ հիշվես» տողերը:

«Իմ հայրիկը ամենաաշխատասեր, ամենահայրենասիր և ամենահայրիկն է եղել»,- ասաց Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյանը:

Դիմելով դպրոցի մասնակիցներին՝ նա շեշտեց, որ պետք է ներդնել սեր, հոգի, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի.

«30 տարի առաջ հայրս բացեց վիրաբույժների դպրոց և հաճախ էր ասում, որ վիրաբույժը պետք է քնի, ապրի հիվանդանոցում և անընդհատ մասնակից լինի վիրաբուժական գործընթացին՝ լավ վիրաբույժ դառնալու համար»:

Թամազյանների բժշկական ընտանիքի երկրորդ սերնդի ներկայացուցիչն ընդգծեց, որ իրենք կանգնած են լինելու դպրոցի կողքին:

Տեղեկացրեց, որ գերազանցությամբ ավարտած առաջին շրջանավարտը, որպես նվեր, կստանա իր հայրիկի ոսկե նշտարը:

Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը փոխանցեց նաև նորաստեղծ դպրոցին հայրիկի անցած ուղու, հիշողությունների մասին պատմող գիրք:

Համլետ Թամազյանը ծնվել է Լոռու մարզում, պատահական չէ, որ ելույթն ամփոփեց թումանյանական խոսքերով, հիշեցնելով, որ գործն անմահ է:

ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը ներկայացրեց «Թամազյան վիրաբուժության դպրոցի» կառուցվածքը՝ նշելով, որ դպրոցը ձևավորվել է արտերկրի նմանատիպ դպրոցների առաջատար փորձի հիման վրա:

Վիրաբուժությամբ հետաքրքրված սովորողները, «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագրի շրջանավարտներ վիրաբուժական դպրոցում սովորելու առաջնահերթություն կունենան` գործուն քայլերով մոտենալով ընտրած բժշկագիտական ուղղությանը:

Նախատեսվում է դպրոցի շրջանակում պատրաստել կլինիկական ոլորտում գործնական գիտելիքները հարստացրած և կատարելագործած տարեկան 12 ապագա վիրաբույժ. երեք լավագույնները կարժանանան 100 տոկոս ֆինանսավորմամբ կրթաթոշակի և հինգ տարի աշխատանքի հնարավորության:

Վիրաբուժական դպրոցը կլինի ոչ միայն ուսանողական նախաձեռնություն, այլև վերապատրաստման դասընթացներ կանցկացնի գործող վիրաբույժների համար, կունենա օտարերկրա մասնագետներից ձևավորված խումբ:

Խաչատուր Մարգարյանի փոխանցմամբ` ծրագրի համար, որպես կարգախոս, ընտրվել է բժշկական համալսարանի ռեկտորի կողմից հնչեցված նախադասությունը, որի համաձայն՝ այս ծրագիրը նրանց համար է, որոնք չեն կարող չլինել վիրաբույժ:

Նշենք, որ ներկաները միջոցառման մեկնարկից առաջ ծաղիկներ խոնարհեցին «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի բակում տեղադրված Համլետ Թամազյանի կիսանդրու առաջ: Միջոցառումը եզրափակվեց հոբելյարի մասին հիշողությունների փոխանակման ջերմ մթնոլորտում, ինչպես նաև համապատասխան հուշագրի ստորագրմամբ: