Բժշկական բուհում մեկնարկեց Հայ համաճարակաբանների, մանրէաբանների և բժշկական մակաբուծաբանների հինգերորդ համագումարը։
Համագումարը միավորում է տեղական և միջազգային փորձագետներին՝ նշված ոլորտում իրենց ձեռքբերումներն ու տեսակետները ներկայացնելու համար:
Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ներկաներին հղեց ԵՊԲՀ ռեկտոր Արմենի Մուրադյանի ողջույնի խոսքը։ «Այս համագումարը յուրահատուկ նշանակություն ունի, քանի որ այն համընկնում է բուռն աշխարհաքաղաքական և բժշկագիտական զարգացումների հետ: Բժշկական մարտահրավերների տեսանկյունից, կարելի է ասել, որոշակի բեկումնային փուլում ենք գտնվում։ Մեզ մոտ տարբեր տեսակի հետաքրքիր հետազոտություններ են կատարվում, և մոտակա ամիսներին կանխատեսում ենք հոդվածային որոշակի փոթորիկ», – նշեց պրոռեկտորը։ Այս ընթացքում, նրա խոսքով, բժշկական համալսարանի՝ համաճարակաբանության ոլորտի մասնագետներն ակտիվ շփումներ են ունեցել հանրության հետ և կարողացել են իրենց լուման ունենալ գրագետ հասարակության կրթման գործում։
«Բժշկական համալսարանը որդեգրել է քաղաքականություն՝ իր 100-ամյակը շնորհավորելու ոչ թե 1 կամ 2 շքեղ միջոցառման տեսքով, այլ մի շարք գործնական միջոցառումների տարափով։ Նման միջոցառման անցկացումը մայր բուհում խորհրդանշական է, քանի որ ոլորտի ականավոր մասնագետները տարիներ շարունակ կրթվել են այս պատերի ներսում», – ավելացրեց Կոնստանտին Ենկոյանը՝ համագումարի մասնակիցներին մաղթելով բեղուն աշխատանք:
ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Համբարձումյանի փոխանցմամբ՝ նախատեսված է 15 զեկույց։ «Համագումարի երկրորդ մասում ունենք 4 զեկույց կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ», – հավելեց նա։
Լոնդոնի Արևմտյան համալսարանի հայազգի պրոֆեսոր Հերմինե Մկրտչյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց․ «Հայաստանում պետք է կարողանանք այնպիսի հետազոտություններ անել, որոնց ընթացքում կօգտագործվեն ժամանակակից, նորագույն տեխնոլոգիաները և հնարավոր կլինի համաշխարհային ասպարեզում ավելի շատ տվյալներ զեկուցել։ Այդ տեխնոլոգիաները կօգնեն ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացնել ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ և կնպաստեն հայ գիտնականների ավելի մեծ նվաճումներին»։
Արձագանքելով պրոֆեսորին՝ պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ ԵՊԲՀ-ն ԵՄ «ՀՈՐԻԶՈՆ-2020» TWINNING ծրագրրի հաղթող է: «Մենք պատրաստ ենք համարժեք, թիրախային համագործակցության, որը կտա հստակ արդյունք», – շեշետեց նա։
ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Վարդան Հովասափյանը ներկայացրեց «Համաճարակաբանություն՝ անցյալը, ներկան, ապագան (համաճարակաբանության պատմության հակիրճ ակնարկ և առավել արդի խնդիրների ամփոփում)» թեմայով զեկույցը։
«Դժվար է հստակ նշել, թե երբ է սկսվել համաճարակաբանության պատմությունը, քանի որ շատ վաղուց մարդիկ փորձել են պաշտպանվել վարակիչ հիվանդություններից՝ օրինակ, փոխելով իրենց բնակության վայրը, սակայն, մեզ հասած տեղեկությունների համաձայն, միայն 4-րդ դարում վարակիչ հիվանդությունների վրա կանգ առավ մեծանուն բժիշկ Հիպոկրատը, որն էլ տվեց վարակիչ հիվանդությունների առաջին նկարագիրը», – ասաց Վարդան Հովասափյանը։ Մասնագետն անդրադարձավ նաև հայ գիտնականներին և մեծանուն բժիշկներին՝ ընդգծելով նրանց գործունեության կարևորությունը։
ՌԴ առողջապահության նախարարության՝ Գամալեայի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի Ներհիվանդանոցային վարակների մոլեկուլային համաճարակաբանության լաբորատորիայի վարիչ Մարինա Չերնուխան առցանց ներկայացրեց «Մուկովիսցիդոզով հիվանդների մոտ թոքերի քրոնիկ ինֆեկցիայի մոլեկուլային համաճարակաբանությունը» խորագրով զեկույցը։ Մասնագետն առանձնակի ուշադրություն հրավիրեց մոլեկուլային տեխնոլոգիաների զարգացման և գիտական հետազոտությունների տարբեր ասպարեզների վրա դրանց ազդեցության թեմայի ուղղությամբ։
Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը ներկայացրեց Հայաստանում հակամանրէային դեղերի կիրառման մշտադիտարկման արդյունքները։