ԵՊԲՀ ուսանողները շարունակում են աչքի ընկնել ոչ միայն տարբեր միջոցառումներին իրենց ներգրավվածությամբ, այլև մարդասիրական քայլերով:
Բժշկականում գործող «Խոյ» ազգային պարի խումբն այս անգամ Լոռու մարզում էր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ամիսներին Տավուշը հանդիսանում է խիստ թիրախային կետ, և ստեղծված դրությունը մեծ ազդեցություն է ունենում երեխաների հոգեբանության վրա, խմբի անդամները երկարատև քննարկումների արդյունքում որոշեցել են իրականացնել այնպիսի նախագիծ, որը հնարավորություն կտար մշակութային գանձարանի հայկականության ողջ գույնն ու երանգը փոխանցել առավել կրտսեր սերնդին՝ Տավուշում ապրող երիտասարդներին ևս ներառելով ծրագրում։ «Այսպես առաջացավ «Խոյարշավ»-ի գաղափարը, որն իրականություն դարձավ «Աստվածամոր տուն» հիմնադրամի օգնությամբ: Տավուշի սահմանամերձ գյուղերի երեխաները հավաքվել էին Լոռվա Դսեղի հրաշագեղ հարկի տակ` սովորելու ազգային երգեր ու պարեր, ուսումնասիրելու դրանց պատմությունը: Նրանք հանդիպեցին ազգագրագետների, ոլորտում իրենց ներդրումն ունեցած անձանց հետ, որոնք երիտասարդ սերնդին փոխանցեցին իրենց փորձը, տվեցին նրանց հուզող հարցերի պատասխանները, ինչպես նաև ձեռք բերեցին նոր, գաղափարակից ընկերներ»,-նշում է խմբի անդամ Խորեն Ամիրխանյանը:
ԵՊԲՀ ուսանողը ոգևորությամբ նշում է՝ պատանիների սերն ազգայինի նկատմամբ հուշում է, որ նրանք համալրում են իրենց շարքերը և միանում այն մեծ ընտանիքին, որ շարունակելու է տարածել ազգայինի ողջ գանձերը։
«Երեխաները մեզ ու մեր բոլոր հյուրերին ապացուցեցին, որ մենք կարող ենք խաղաղ ապրել, որովհետև երկրի հյուսիսարևելյան սահմանում իրենց նման հզոր ապագա ունենք»,-եզրափակում է Խորեն Ամիրխանյանը։