Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Էրազմուս+ ամփոփիչ միջազգային գիտաժողովը՝ ԵՊԲՀ-ում

Էրազմուս+ ամփոփիչ միջազգային գիտաժողովը՝ ԵՊԲՀ-ում

Բժշկական բուհում մեկնարկեց Էրազմուս+ «Հանրային առողջապահության և սոցիալական գիտությունների դոկտորական ծրագիր» (“Doctoral Programs in Public Health and Social Services” (DPPHSS) թեմայով ամփոփիչ միջազգային գիտաժողովը։

Կրթության ոլորտում այս կարևոր միջոցառումը ԵՊԲՀ հյուրընկալ տանիքի ներքո է համախմբել Հայաստանի, Վրաստանի, Ռումինիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Մոլդովայի, Սլովակիայի, Ղրղզստանի համալսարանների մասնագետներին։

Ռեկտոր Արմեն Մուրադյանի ողջույնի խոսքն ընթերցեց ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի վարիչ, ծրագրի համակարգող Արտաշես Թադևոսյանը։

«Հպարտ եմ ողջունելու ձեզ մեր «Ալմա Մատերում»՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ Հայաստանում միակ պետական և հնագույն բժշկական համալսարանում։ Բոլորովին վերջերս մենք նշեցինք մեր համալսարանի հարյուրամյակը։ Այս տարիների ընթացքում բժշկական համալսարանը երկրի առաջատար կրթական հաստատություններից էր՝ հաստատուն կերպով զարգանալով, աճելով, քայլելով ժամանակին համընթաց, ձգտելով կիրառել նորարարություններն ուսուցման և կլինիկական գործունեության ընթացքում։  Հայաստանի համար՝ որպես ԵՄ գործընկեր երկիր, և ԵՊԲՀ-ի համար՝ մասնավորապես, այս նախագիծը մեծ կարևորություն է ներկայացնում։ Բուհի միջազգայնացումը, Եվրոպայի առաջատար համալսարանների հետ ամուր կապերի հաստատումը մեզ համար մշտապես առաջնահերթություն են եղել։ Բժշկական բուհը միջազգային կազմակերպությունների և համալսարանների հետ արդյունավետ համագործակցության երկարամյա պատմություն ունի։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր եվրոպական և միջազգային գործընկեր համալսարաններին՝ համագործակցելու և իրենց փորձը, գիտելիքներն ու հմտությունները կիսելու պատրաստակամության համար։ Մենք մեծապես արժևորում և աջակցում ենք բոլոր նմանատիպ միջազգային նախագծերին, որոնք նպատակաուղղված են աշխարհի առաջատար համալսարանների միջև փոխգործակցության ամրապնդմանը։

ԵՊԲՀ-ի համար մեծ պատիվ է լինել ծրագրի համակարգողը։ Ութ այլ համալսարան՝ Սլովակիայի բժշկական համալսարանը, Բաբես-Բոլյայի համալսարանը (Ռումինիա), Գյոթեբորգի համալսարանը (Շվեդիա), Վերին Ավստրիայի կիրառական գիտությունների համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Իվանե Ջավախաշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը (Վրաստան), ինչպես նաև նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և Վրաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունները ծրագրի Կոնսորցիումի անդամներ են։ 

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ «Հանրային առողջապահության և սոցիալական գիտությունների դոկտորական ծրագիրը» մոտենում է ավարտին, սակայն վստահ եմ, որ ստացված համագործակցությունը կկրի շարունակական բնույթ», – ասված է ռեկտորի ուղերձում։

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան ևս ողջունեց միջոցառման մասնակիցներին: Նրա խոսքով՝ շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես ուսանողներին ներգրավել հետազոտական աշխատանքներում, ինչպես կազմակերպել այդ ամենը, և Էրազմուս+ նախագիծը նաև այդ հարցերին է պատասխանում։

 «Նախագծի ծրագրում ներառված են հենց այս կարգավորումները։ Մեր պարտականություններից մեկն անհրաժեշտ տեղեկատվության տարածումն է։ Այս նախագիծը պետք է ունենա իր ազդեցությունը։ Մենք ցանկանում ենք, որ մեր յուրաքանչյուր նախագիծ նախորդից շատ ավելի ազդեցիկ լինի՝ կազմակերպելով տարբեր հանդիպումներ, սեմինարներ ու գիտաժողովներ հանրային առողջապահության և սոցիալական գիտությունների ոլորտներում», – շեշտեց Լանա Կառլովան՝ հույս հայտնելով, որ արդյունավետ հանդիպումները շարունակական կլինեն։

Իր բացման խոսքում ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանն ընդգծեց ծրագրի կարևորությունը ոչ միայն բժշկական բուհի, այլև մեր երկրի համար։ «Մենք հույս ունենք, որ եվրոպական գործընկերների հետ մեր համագործակցությունը կշարունակվի․ Այդ համագործակցությունն առնվազն 10 տարվա արդյունավետ փորձ ունի», – հավելեց մասնագետը։

Ներկայացնելով «Հանրային առողջապահության և սոցիալական գիտությունների ոլորտներում կրթության զարգացումը Հայաստանում և Վրաստանում» խորագրով զեկույցը՝ Արտաշես Թադևոսյանը սկսեց ծրագրի մեկնարկային կետից, շեշտեց ծրագրի կարևոր նպատակներն ու արդյունքները, դրանց հիման վրա մշակված փաստաթղթերը և հրատարակումները։