Երևանի պետական բժշկական համալսարանում ոչ միայն բժիշկներ են կրթում, այլև մշակութային կյանքում ևս ակտիվ գործունեություն ծավալելու, ստեղծագործելու ոգևորիչ օրինակ են դառնում:
ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս, արձակագիր, բանաստեղծ, Հայաստանի գրողների միության, ինչպես նաև Կյոտոյի (Ճապոնիա), Բրյուսելի միջազգային գրողների ասոցիացիաների անդամ Արմենուհի Սիսյանը նշեց, որ երեք օր Երևանում գրքի իսկական տոն էր. մեծ զեղչերով գրքի ցուցահանդես-տոնավաճառ, շնորհանդեսներ, վարպետության դասեր, բանախոսություններ, քննարկումներ, ընթերցումներ ու համերգներ:
Եվ միայն փառատոնի փակման օրը մեծ հանդիսավորությամբ հայտարարվեց մրցանակաբաշխության արդյունքները, որի ժամանակ հայտնի դարձավ, որ «Դրամատուրգիա» անվանակարգում առաջին կարգի մրցանակը շնորհվել է մեր բուհի հայոց լեզվի ամբիոնի դասախոս Արմենուհի Սիսյանին:
Մրցույթի մասնակցության հայտեր ներկայացրել էին 87 գրող՝ առանց տարիքային սահմանափակման: Մասնագիտական ժյուրին ստեղծագործությունները գնահատել է՝ հաշվի առնելով գործի ժանրային իրացումը, կառուցվածքը, լեզուն և ոճը, գեղարվեստական մտածողության ինքնատիպությունը, նորարարությունը:
«Ինձ համար մեծ անակնկալ էր մրցանակը, թեև՝ ոչ անսպասելի, քանի որ յուրաքանչյուր հեղինակ մասնակցության հայտ ներկայացնելիս բնականաբար ունենում է իր սպասելիքները, իսկ մասնակիցների շարքում կայացած գրողների թիվը քիչ չէր: Հատկապես գնահատելի էր այն, որ հանձնաժողովի հեղինակավոր անդամներն իսկապես բարեխղճորեն կարդացել էին ներկայացված գործերը. այդ մասին էին վկայում նրանց արտահայտած կարծիքները, դիտարկումները, ոգևորությունը»,-ասաց ԵՊԲՀ դասախոսը:
Արմենուհի Սիսյանը նշեց, որ բացի բժշկական համալսարանում դասավանդելուց, իր գործունեությունը սերտորեն կապված է ժամանակակից մշակութային ոլորտի հետ, և իր պարտքն է համարում ուսանողներին տեղեկացված պահել ժամանակակից մշակութային անցուդարձին՝ գրական կարևոր միջոցառումներին, թատերական լավ բեմադրություններին:
«Յուրաքանչյուրը վերցնում է ըստ իր զարգացածության աստիճանի կամ հոգու պահանջի չափաբաժնի: Ուսանողների շրջանում կան շնորհալի երիտասարդներ և երբ նրանք հաղորդակից են դառնում մշակութային կյանքին, անպայման հոգևոր աճ են ունենում և գիտակցում, որ գրողը միայն մեռածը չէ, որ դերասանը միայն սերիալում չէ, որ 21-րդ դարում էլ կոմպոզիտոր ու նկարիչ կա և այլն: Ի դեպ, այս հեղինակավոր փառատոնում անասելի մեծ էր երիտասարդների մասնակցությունը, որոնք և՛ տարբեր հրատարակիչների համար հատկացված տաղավարներից գրքեր էին ձեռք բերում, և՛ տեղում ծանոթանում, նկարվում ժամանակակից գրողների հետ, և՛ ձայնակցում համերգի կենդանի կատարումներին»,-ասաց նա՝ հավելելով, որ այս ամենը լրացուցիչ տոնականություն էր հաղորդում արդեն ավանդույթ դարձած Գրքի՝ ՛՛Yerevan Book Fest’’ փառատոնին: