ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ավագ և միջին բուժաշխատողները հնարավորություն ունեցան մասնակցելու հունիսի 12-ից մեկնարկած «Պացիենտ-բուժաշխատող․ հաղորդակցման հիմունքները» թեմայով եռօրյա կրեդիտավորված անվճար դասընթացին:
«Ի՞նչ է կոնֆլիկտը». այս հարցադրումն առաջինն էր, որ ուղղեց ներկաներին ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը:
Բանավոր հարցումը վկայեց. կոնֆլիկտների բախվում ենք ամեն օր տարբեր իրավիճակներում՝ հաղորդակցվելիս, աշխատանքում, ընտանիքում: Կոնֆլիկտներն անխուսափելի են առօրյայից:
«Կոնֆլիկտի հոգեբանությունը սոցիալական հոգեբանության մեջ առանձին ճյուղ է», – մանրամասնեց դասընթացավարը` լսարանին ներկայացնելով «Կոնֆլիկտի հոգեբանություն, սթրեսի հաղթահարում, վերահսկում» զեկույցը, որն ինտերակտիվ էր՝ հարցուպատասխանի, հոգեբանական թեստերի ձևաչափով:
Մարդիկ ստեղծում են «թաքուն թշնամիներ», որոնք, առաջին հերթին, խանգարում են հենց իրենց, և միայն երկրորդական, երրորդական կամ չորրորդական մակարդակում՝ նրան, ում ուղղված է չընդհատվող նեգատիվը:
Խաչատուր Գասպարյանի գնահատմամբ` մենք պետք է ձգտենք ուրիշներին բացասական ծրագիր չտալ մեր հանդեպ:
Դասախոսելու, ինչպես ապագա, այնպես էլ գործող բժիշկներին կրթելու երկար տարիների փորձ ունեցող հոգեկան առողջության մասնագետն ընդգծեց, որ հաճախ պետք է կենտրոնանալ ոչ թե այն հարցի վրա, թե ինչ է ասված բառերով, այլև ինչ միտք ենք ցանկանում արտահայտել կամ փոխանցել այդ խոսքերի միջոցով:
Նա խոսեց նախատրամադրվածության, կոնֆլիկտին վերաբերող բազմաթիվ այլ հարցերի մասին:
«Հերացի» վերլուծականի կողմից կազմակերպվող բժշկական համալսարանի նախաձեռնած այս դասընթացների նպատակն է ԵՊԲՀ ավագ և միջին բուժաշխատողներին առավել մանրամասն ներկայացնել մասնագիտական գործունեության ընթացքում անհրաժեշտ հաղորդակցման և բժշկական էթիկայի հիմունքները, որոնք կնպաստեն պացիենտների հետ շփումների արդյունավետության բարձրացմանը, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը և փոխադարձ վստահության ամրապնդմանը։
Հաջորդիվ՝ հունիսի 14-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում «Բժշկական էթիկա. գործող իրավակարգավորումներ» թեման կներկայացնի ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական Իզաբել Աբգարյանը, իսկ հունիսի 15-ին «Հաղորդակցման հիմունքները բժշկական օգնություն և սպասարկում մատուցելիս» զեկույցը՝ Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ, Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը։
Երեկ ողջունելով մասնակիցներին` Դավիթ Մելիք-Նուբարյանը վստահություն հայտնեց, որ բուհում մեկնարկած դասընթացները կիրառական կլինեն:
«Ընտրված թեմաների շուրջ մենք հաճախ չենք խոսում, որպես կանոն դրանք հաճախ չենք քննարկում լսարանում: Ուսումնառության ընթացքում կլինիկական օրդինատուրայում մենք ընդօրինակում ենք այն, ինչ տեսնում ենք և ունենում ենք այն, ինչ ունենք», – ասաց դասընթացների նախաձեռնողը` հույս հայտնելով, որ քննարկվող թեմաները հնարավորություն կտան բուժաշխատողներին ամենօրյա պրակտիկայում ներդնել ձեռք բերված գիտելիքները` լավ օրինակ ծառայելով նաև մյուսների համար:
Դասընթացին մասնակիցներին կտրամադրվեն ՇՄԶ կրեդիտներ: