Էթիկայի կոմիտեի 20-ամյա գործունեությունը

Էթիկայի կոմիտեի 20-ամյա գործունեությունը

Երևանի պետական բժշկական համալսարանում շուրջ երկու տասնամյակ գործում է Էթիկայի կոմիտեն, որը հիմնադրվել է 2006 թվականին Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի ջանքերով։

Հիմնադրման օրվանից նախագահ է նշանակվել պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը, ում շնորհիվ Էթիկայի կոմիտեն ունեցավ կանոնակարգ և ստացավ պաշտոնական գործունեության իրավունք։

Այս բարդ և պատասխանատու գործում մեծ դեր են ունեցել նաև պրոֆեսորներ Վիլեն Հակոբյանը, Սուսաննա Դավթյանը, Մագդալինա Մելքոնյանը, Վալերի Տատինցյանը և այն անձինք, ովքեր համալրեցին Էթիկայի կոմիտեի առաջին կազմը։

Կոմիտեին հատկացրին նիստերի դահլիճ, կազմը համալրվեց տասնյակ պրոֆեսորներով և ստեղծվեց աշխատանքային գրասենյակ, որի գործունեությունը մինչ օրս իրականացնում է Էթիկայի կոմիտեի ավագ մասնագետ Աշխեն Բադոյանը։

«Կոմիտեի գործունեությունը բավականին ակտիվ է և շատ կարևոր հատկապես բժշկական բնագավառում: Կոմիտեն, ձեռք բերելով բազմամյա միջազգային փորձ, երկար տարիներ ուշադրություն է դարձնում հետազոտողների, բժշկական էթիկայի պահպանմանը: Կոմիտեում ընդգրկված տարբեր մասնագիտություներով պրոֆեսորները կարծիք են հայտնում տվյալ հարցի շուրջ, ես աջակցում եմ ամբողջական փաթեթի լրացման հարցում, ուղարկում փորձագետին, մինչև դիմումատուն չի ունենում համապատասխան փաթեթ, հարցը չի դրվում նիստի օրակարգում, իսկ նիստում քննարկելուց հետո, ստանում է եզրակացություն»,-նշեց Աշխեն Բադոյանը:

Նրա խոսքով՝ եթե բժիշկ-գիտնականը կատարում է որևէ հետազոտություն ցանկացած բժշակական ոլորտում, ապա նա գիտի, որ պետք է աշխատանքի նախագիծը ներկայացնի Էթիկայի կոմիտե հաստատման, այլապես, աշխատանքը չի կարող իրականացնել։

20 տարի շարունակ Էթիկայի կոմիտեն պարբերաբար թարմացնում է կազմը, համալրում տարբեր մասնագետներով, ովքեր իրենց միահամուռ աշխատանքով ապահովում են գիտության զարգացումը բժշկական ոլորտում։ Այստեղ քննարկվում են մարդկանց մասնակցությամբ հետազոտական աշխատանքները, որտեղ խիստ կարևորվում են բժիշկ-պացիենտ հարաբերությունները, ինչպես նաև հետազոտվողի տեղեկացվածության աստիճանն իրեն հետազոտելու ընթացքում։ Էթիկայի կոմիտեն քննարկում է նաև գիտական նպատակով փորձարկվող կենդանիների հետ աշխատող գիտնականների էթիկական նորմերի իմացությունը, կենդանիների հետ ճիշտ աշխատելու կանոնները։

«Պրոֆեսոր Աղաջանովին հաջողվել է հմտորեն կառավարել կոմիտեն և իր գործընկերների հետ կայացնել ճիշտ որոշումներ՝ ի նպաստ հետազոտողների։ Ես և յուրաքանչյուրը լավ հիշողություններ ունենք պրոֆեսորի հետ»,-հավելում է Էթիկայի կոմիտեի ավագ մասնագետը:
Էթիկայի կոմիտեն գործունեության առաջին տարիներից սկսած հաշվառված է Մարդկանց մասնակցությամբ հետազոտությունների տվյալների պահպանման միջազգային բազայում (IRB -Institutional Revew Boarding): Սա շատ կարևոր հանգամանք է նման կառույցի համար։ Ունենալով այդ ծածկագիրը՝ գիտական և կրթական բոլոր ոլորտների գիտնականները կարողանում են տպագրել իրենց հոդվածները միջազգային ամսագրերում։

Էթիկայի կոմիտե դիմում են ոչ միայն ԵՊԲՀ-ի աշխատակիցները, այն բաց է նաև այլ դիմումատուների համար։ Ամեն ամիս Էթիկայի կոմիտեն նիստ է գումարում, որտեղ քննարկվում է մոտավոր 10 աշխատանք։

2024թ․-ից Էթիկայի կոմիտեի նախագահն է Բժշկական քիմիայի ամբիոնի վարիչ, կ․գ․դ․, պրոֆեսոր Մագդալինա Մելքոնյանը։ Այժմ կոմիտեի կազմը համալրում են Ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ՝ պրոֆեսոր Մարինա Բալասանյանը, Ակնաբուժության և մանկական ակնաբուժության ամբիոնի վարիչ Ահարոն Գաբրիելյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի հայաստանյան մասնաճյուղի վարիչ, Հասարակագիտական առարկաների ամբիոնի պրոֆեսոր Սուսաննա Դավթյանը, Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյանը, Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Գագիկ Հակոբյանը, Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի պրոֆեսոր Անահիտ Հայրապետյանը, ՀԲԿ ֆակուլտետի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի պրոֆեսոր Դավիթ Մելքոնյանը, ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը, Մանկաբուժության թիվ 2 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Սարգսյանը, Իրավաբանական բաժնի և առողջապահական իրավունք դասախոսական խմբի ղեկավար Մելիք Սողոմոնյանը, Դատական բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Շոթա Վարդանյանը, Ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Վալերի Տատինցյանը, Ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը, Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լարիսա Ավետիսյանը, Ռազմական կրթության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սամվել Գալստյանը, Ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Հասմիկ Հասրաթյանը, Հյուսվածքաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարմեն Սահակյանը։

Էթիկայի Կոմիտեի կազմում են եղել նաև պրոֆեսորներ Հովհաննես Մանվելյանը, Ազատ Ենգիբարյանը, Հակոբ Թոփչյանը, Արմենակ Համբարձումյանը, Գագիկ Արծրունին, Ալեքսանդր Այվազյանը, Լևոն Բարսեղյանը, Արմեն Մելիք-Փաշայանը։

Կազմից բացի, Էթիկայի կոմիտեի գործունեության համար շատ մեծ դեր ունեն նաև կազմին կից փորձագետները, որոնք ընտրված են ակնաբուժության, վիրաբուժության, ստոմատոլոգիայի, կենսաքիմիայի, ֆիզիոլոգիայի, ֆարմացիայի, նյարդաբանության, վնասվածքաբանության, համաճարակաբանության, ինչպես նաև ներքին հիվանդությունների ամբիոններից։