ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնը տասնամյակներ շարունակ ոչ միայն աջակցում է ապագա բժիշկներին մասնակցել սպորտային բազմաթիվ միջոցառումների, լավ արդյունքներ գրանցել, այլև սեփական հաջողություններով օրինակ է ծառայում նրանց:
Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հարություն Թամիրյանը, ով բժշկական մայր բուհում մշտապես խրախուսում է առողջ ապրելակերպ տարածումը, ընտրվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Բժշկական և հակադոպիգային հանձնաժողովի նախագահ:
«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախագահությամբ կայացել է ֆեդերացիայի 16-րդ արտահերթ հանձնաժողովը, որին մասնակցել են ֆեդերացիայի 107 ներկայացուցիչ: Արտահերթ ժողովի ժամանակ մասնակիցների փակ քվեարկությամբ ընտրվել եմ ֆեդերացիայի Բժշկական և հակադոպիգային հանձնաժողովի նախագահ՝ 104 կողմ ձայնով»,-նշեց ամբիոնի վարիչը:
Հարություն Թամիրյանը մարզչական աշխատանքի ժամանակաշրջանում պատրաստել է բարձրակարգ մարզիկների, աշխարհի և Եվրոպայի արծաթե և բրոնզե մեդալակիրների:
1992 թ. աշխատել է Վլադիմիր Ենգիբարյանի օլիմպիական հերթափոխի բռնցքամարտի դպրոցում որպես մարզիչ-մանկավարժ, հետագայում դպրոցի ավագ մարզիչ: 2003-2018 թթ. աշխատել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում որպես բռնցքամարտի դասախոս, այնուհետև ասիստենտ: 2018 թ-ից եղել է ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի հրավիրված դասախոս, իսկ 2020 թվականի փետրվարից՝ ամբիոնի վարիչ:
Հավելենք, որ ամբիոնը կազմակերպում է սպորտային և առողջարարական բազմաթիվ միջոցառումներ և առաջնություններ, ուսանողները մասնակցում են հանրապետական, քաղաքային, միջբուհական առաջնություններին՝ գրավելով լավագույն արդյունքները: