Բժշկական համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի ակումբականները օրեր առաջ այցելել են ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Նյարդաներզատական փոխհարաբերությունների լաբորատորիա, որի վարիչը կենսաբանական գիտությունների դոկտոր Վերգինե Չավուշյան-Պապյանն է:
Այստեղ նրանց հյուրընկալել էին ավագ գիտաշխատող, կ.գ.թ. Կարեն Սիմոնյանը և գիտաշխատող, կ.գ.թ. Լիլիթ Դարբինյանը:
Լաբորատորիայում ուսումնասիրվում է տարբեր նյարդապաշտպան դեղանյութերի, ինչպես նաև տարբեր ակտիվ բաղադրամասերի պարունակությամբ (գումարային ֆլավոնոիդներ, տերպենոիդներ, ստեվիոզիդ, ինուլին և միկրոէլեմենտներ) չոր բուսահումքերի և ջրային/էթանոլային չոր էքստրակտների ազդեցությունը նեյրոդեգեներացիաների ժամանակ: Գնահատվում են նեյրոնային ցանցերի սինապտիկ պլաստիկականության էլեկտրաֆիզիոլոգիական չափանիշները։
Ֆիզիոլոգիայի ակումբի ղեկավար, դասախոս Կարինե Մելքումյանի խոսքով` ուսանողների անմիջական մասնակցությունը գիտական փորձերին բացի ոգևորիչ լինելուց, նաև ունի կրթական բաղադրիչ, քանի որ Ֆիզիոլոգիայի ամբիոնում այս կիսամյակի դասընթացի ամենաբարդ թեմաներից է «Դրդունակ հյուսվածքների ֆիզիոլոգիան», որը նվիրված է օրգանիզմում եղած էլեկտրական գործընթացների պարզաբանմանը:
«Ինչպես ասում են՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան 10 անգամ լսել: Այսօր մեր ակումբականները հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչպես են առնետի գլխուղեղից գրանցում գործողության պոտենցիալները, ինչ տեսք ունեն դրանք իրականում և գործնականորեն ստացած այս գիտելիքները համեմատել մեր առարկայի շրջանակներում 1 ամիս շարունակ քննարկվող տեսական գիտելիքների հետ: Շնորհակալ եմ ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանին այս հնարավորության համար և լաբորատորիայի գիտաշխատողներին, որոնք ակումբականներին սովորեցրին և թույլ տվեցին առնետի ողնուղեղի վրա կատարել որոշ վիրահատական միջամտություններ»,- նշում է դոցենտ Մելքումյանը` հավելելով, որ իրենք նախապես ամբիոնի հնարավորությունների սահմաններում ծանոթացել էինք ստերեոտաքսիկ հետազոտական մեթոդին, որպեսզի այս այցը առավելագույնս ծառայեր նոր գիտելիքների ձեռքբերմանը և առավելապես արդյունավետ լիներ:
Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Կարեն Սիմոնյանը նշեց, որ հաճելիորեն տպավորված է բժշկականի երկրորդ կուրսի ուսանողների տված հարցերի խորությունից և դրանց շուրջ ծավալված քննարկումից: