Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ֆիզիոլոգիայի ակումբը հաջողությամբ շարունակում է ակտիվ գործունեությունը

Ֆիզիոլոգիայի ակումբը հաջողությամբ շարունակում է ակտիվ գործունեությունը

ԵՊԲՀ-ի ֆիզիոլոգիայի ամբիոնում արդեն 3-րդ տարին է, ինչ ամբիոնի ավագ դասախոս, ֆիզիոլոգ Կարինե Մելքումյանի ղեկավարությամբ գործում է ֆիզիոլոգիայի ակումբը: Այն գիտական խմբակ է, որտեղ քննարկումները կատարվում են առավել ակումբային ձևաչափով:

Այստեղ վերանում են ուսանող-դասախոս պաշտոնական սահմանները, և բոլորը անկաշկանդ մթնոլորտում քննարկում են ֆիզիոլոգիական կարևորագույն թեմաներ: «Ակումբի հիմնական խնդիրը ուսանողների համար «ֆիզիոլոգիա» առարկայի կլինիկական կարևորությունը վերհանելն է: Այս նպատակով յուրաքանչյուր քննարկմանը ներկա են նաև փորձագետներ՝ այդ ոլորտի մասնագետներ, որոնք լրացնում, ուղղորդում են ուսանողների կողմից պատրաստված զեկուցումները, իրենք առաջադրում խնդիրներ, որոնց ակումբականները շատ հաճախ տալիս են յուրատիպ ու հետաքրքիր լուծումներ:

Ուսանողների համար մոտիվացնող է նաև, որ ակումբական քննարկումներին մասնակցում են ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը և ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դրաստամատ Խուդավերդյանը, որը միշտ շեշտում է ուսանողների համար այսպիսի գիտական խմբավորումների կարևորությունը և ողջունում ուսանողների բոլոր համարձակ մտքերն ու առաջարկները»,- նշում է Կարինե Մելքումյանը:

ԵՊԲՀ-ի ֆիզիոլոգիայի ակումբը համագործակցում է ինչպես բուհի տարբեր ամբիոնների, այնպես էլ ՀՀ ԳԱԱ-ի գիտահետազոտական ինստիտուտների հետ: Վերջերս ակումբականների առաջ իր դռներն էր բացել ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը:

ԵՊԲՀ ավագ դասախոսի փոխանցմամբ` այս կիսամյակում քննարկումներ են ծավալվել սինապսային հաղորդման շրջափակման, գանգուղեղային նյարդերի ստատուսի որոշման, հղիության ընթացքում հորմոնների տեղաշարժերի, սրտի աշխատանքում մագնեզիումի դերի, ԷՍԳ-ի շուրջ:

Հետաքրքիր է, որ բացի քննարկումներից, ստեղծարար են նաև ակտիվ զեկուցողներին ու փորձագետներին տրվող նվերները՝ տնական կոմպոտներից մինչև սպանախով ծաղկեփունջ և ԷՍԳ-ի պատկերով զարդեր: Նվերները միշտ առարկայական կապ ունեն քննարկվող թեմայի հետ:

Ֆիզիոլոգիայի ակումբը մշտապես բաց է բոլոր համագործակցությունների համար, որոնք կնպաստեն ապագա բժիշկների գիտական մտքի խթանմանը և ֆիզիոլոգիայի նկատմամբ սիրո ավելացմանը:

Այստեղ ուսանողները հնարավորություն են ունենում խորացնել իրենց գիտելիքները՝ ջերմ ու սիրով ողողված միջավայրում:

Մուտքի միակ պայմանը՝ ժպիտն է: