FMGE նախապատրաստական դասընթացի վկայականով պարգևատրվեց 11 հնդիկ շրջանավարտ

FMGE նախապատրաստական դասընթացի վկայականով պարգևատրվեց 11 հնդիկ շրջանավարտ

ԵՊԲՀ կարիերայի կենտրոնը կազմակերպել էր անվճար նախապատրաստական ​​դասընթացներ FMGE (Foreign Medical Graduates Examination)՝ արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննության հաղթահարումն առավել դյուրին դարձնելու նպատակով։ 

Այս տարի բժշկական բուհի ծրագրի ավարտական ​​վկայականով պարգևատրվեց 11 հնդիկ շրջանավարտ։ 

FMGE-ն Հնդկաստանի քաղաքացիների համար նախատեսված լիցենզավորման քննություն է՝ իրենց երկրում բժիշկ աշխատելու իրավունք ստանալու համար:

Հնդկաստանի Հանրապետության բժշկական խորհրդի կողմից անցկացվող քննությանն ամեն տարի մասնակցում են աշխարհի մոտ 60 երկրի 450 համալսարանում ուսանած հնդիկ ուսանողներ: 

Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանի խոսքով՝ ԵՊԲՀ հնդիկ շրջանավարտների մեծ մասը բարեհաջող (առաջադիմությունը կազմում է շուրջ 90-95%) հանձնում է FMGE քննությունը, ինչն աշխարհի բուհերի շրջանում բարձր ցուցանիշ է։ «Ամեն տարի Հնդկաստանի բժշկական խորհուրդը կազմում է վիճակագրություն, որի համաձայն՝ աշխարհի տարբեր համալսարանների շրջանավարտների ցուցաբերած արդյունքների հիման վրա վարկանիշավորում է համալսարանները։ Մեր բուհում կրթություն ստացած հնդիկ ուսանողները, վերադառնալով իրենց երկիր և հաջողությամբ հանձնելով FMGE քննությունը, բարձրացնում են թե՛ ԵՊԲՀ-ի, թե՛ Հայաստանի վարկանիշը միջազգային կրթական հարթակներում», – ընդգծում է Խաչատուր Մարգարյանը։ 

Հայաստանում Հնդկաստանի դեսպանության հովանու ներքո FMGE անվճար նախապատրաստական ​​դասընթացներն անցկացվում են 2018 թվականից սկսած։ 

Օտարերկրյա ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սետհիի փոխանցմամբ՝ ուսանողներն ապահովվում են Հնդկաստանից ձեռք բերված համապատասխան գրականությամբ և պարբերաբար տեղեկացվում են քննությանը վերաբերող փոփոխական կանոնակարգերին։ 

Դասընթացներն անցկացվում են ուսումնառությանը զուգահեռ և տևում են 3 տարի․ մեկնարկը տրվում է 4-րդ, իսկ ծրագիրն ավարտվում է 6-րդ կուրսում։