Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա բժիշկները մասնակցեցին Հնդկաստանի Հանրապետության 75-ամյակին նվիրված միջոցառմանը

Ապագա բժիշկները մասնակցեցին Հնդկաստանի Հանրապետության 75-ամյակին նվիրված միջոցառմանը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները նշեցին Հնդկաստանի Հանրապետության 75-ամյա հոբելյանը։

Հայաստանում Հնդկաստանի դեսպանատանը կազմակերպված հանդիսավոր արարողությունը մեկնարկեց երկրի ազգային օրհներգով։

Միջոցառմանը ներկա էին ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի պետ Գայանե Ավետիսյանը, Օտարերկրյա ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սետհին։

Արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան հայերերով ողջունեց ներկաներին և հատվածներ ընթերցեց երկրի նախագահի շնորհավորական ուղերձից․

«Հնդկաստանի համար էպիկական վերափոխման շրջան է: Մեզ ոսկե հնարավորություն է տրված՝ երկիրը նոր բարձունքների հասցնելու։ Լինելով ավելի քան 1,4 միլիարդ՝ մենք ապրում ենք որպես մեկ ընտանիք։ Աշխարհի այս ամենամեծ ընտանիքի համար համակեցությունն աշխարհագրական պարտադրանք չէ, այլ երջանկության աղբյուր, որն արտահայտվում է Հանրապետության օրվա մեր տոնակատարություններում»:

2023 թվականը, ըստ ուղերձի, այն տարին էր, երբ Հնդկաստանը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որն անօդաչու տիեզերանավ իջեցրեց Լուսնի հարավային բևեռում:

Տոնական միջոցառումն ուղեկցվեց բժշկական բուհի ուսանողների` հնդկական ազգային պարի և երգի կատարումներով։

Մշակութային մասն ամփոփվեց Ռահուլ Անիլ Սետհիի կողմից հայրենասիրական թեմայով տպավորիչ ասմունքով։