«Մուրացան» համալսարանական հիվանդանոցն այս ամսվա առաջին օրերից մինչև փետրվարի 17-ը հյուրընկալում է աշխատանքային այցով Գերմանիայից ժամանած 4 պրոֆեսորի:
Գերմանիայի մանկաբուժության և դեռահասների ասոցիացիայի հետ ԵՊԲՀ գործակցությամբ սա մասնագիտական խմբերի երրորդ այցն է համալսարանական բուժհաստատություն, որը շարունակական է լինելու:
Օրը «Մուրացան»-ում արտասահմանից ժամանած բժիշկ-գիտնականները սկսում են վաղ առավոտից` 9:30-ին` բաժանմունքներում համայցից, այնուհետև շարունակում խորհրդատվություններով և օրվա երկրորդ կեսին` տարբեր պրոֆիլի դասախոսություններով:
«Համագործակցության նպատակը հայ գործընկերներին սատարելն է` բարելավելու մանկական առողջությունը: Այցի շրջանակում կազմակերպվում են պացիենտների խորհրդատվություններ, բարդ դեպքերի քննարկումներ: Գերմանացի կոլեգաները խորհուրդներ են տալիս նաև պացիենտների հետագա վարման ուղղությամբ», – մանրամասնում է «Մուրացան» համալիրի գլխավոր բժիշկ, Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի ղեկավար Հռիփսիմե Ապրեսյանը` խոսելով նաև այցի մյուս` կրթական բաղադրիչի մասին, որը վերաբերում է կլինիկական օրդինատորների և բժիշկների, բարձր կուրսերի ապագա բժիշկների համար հրավիրվող դասախոսություններին:
«Դասախոսություններն անգլերեն են ընթանում և զուգահեռ, ըստ անհրաժեշտության, թարգմանվում են հայերեն` ելնելով տվյալ աուդիտորիայից: Մեր հիմնական նպատակն է միջազգային գործընկերների հետ միասին բարելավել մանկան առողջությունը Հայաստանում», – ընդգծեց բժիշկ Ապրեսյանը` հավելելով, որ կանխավ իմանալով այցի մասին՝ կազմվում է ծրագիր, պացիենտների հերթագրման ժամանակացույց խոհրդատվական այցի համար:
Միջազգային համագործակցության հարուստ փորձ ունեցող նեոնատոլոգ Օրսոլյա Գենզել Բորովիզցենիի համոզմամբ՝ հայ-գերմանական փոխգործակցությունը շատ արդյունավետ է։
«Հույս ունեմ, որ մենք կարողանում ենք մեր հայ գործընկերներին հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ տալ, կիսվել փորձով», – նշում է նա՝ հայտնելով, որ մասնագիտացած է նաև ուսանողներին բժշկական դիդակտիկա ուսուցանելու ոլորտում, և քննարկվում է հետագայում այս թեմայով դասախոսություններ կազմակերպելու հարցը։
Հայաստանն, Օրսոլյա Գենզել Բորովիզցենիի խոսքով, հրաշալի է. երկիրը գեղեցիկ է՝ իր բոլոր վանքերով և տեսարժան վայրերով։
Մանկական նյարդաբանության ոլորտում մասնագիտացած Ուլրիխ Ստեֆանին շեշտում է․ «Այստեղ մեր գործընկերները բավականին մանրամասնորեն տեղեկացված են իրենց պացիենտների մասին, հիվանդությունների վերաբերյալ լավ գիտելիք ունեն։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի նվիրվածությամբ է անձնակազմը մոտենում իր աշխատանքին։ Սա միջազգային չափանիշ է։ Բժիշկներն այստեղ շատ գիտակ են»։
Հայ-գերմանական բժշկական գործակցությունը խոստումնալից է նաև մանկական վիրաբույժ Լուկաս Վեսսելի կարծիքով։ «Աշխատանքն այստեղ համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Մեր հայ գործընկերների հետ կարող ենք քննարկել ամենատարբեր մասնագիտական հարցերը», – ընդգծում է նա։
Մանկական ռևմատոլոգ Գյունտեր Էրվին Դաննեկերը վստահեցնում է, որ նրանք անպայման առաջիկայում կվերադառնան։ «Սա հիանալի համագործակցություն է։ Բժշկական կրթությունն այստեղ բարձր մակարդակի վրա է։ Հաջորդ անգամ մենք, գուցե, խոսենք ոչ միայն հիվանդությունների, այլև որոշ կառուցվածքային բարեփոխումների մասին», – հավելում է նա։
Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում հայ մասնագետները արտերկրի գործընկերների հետ քննարկում են տարբեր խնդիրներով ծնված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող փոքրիկների առողջական վիճակի բուժման և դեպի լիարժեք կյանք ուղղորդելու ժամանակակից մեթոդները։
Կլինիկայի ղեկավար, փորձառու նեոնատոլոգ, մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի փոխանցմամբ՝ գործընկերների այցերը և նրանց հետ քննարկումները շատ օգտակար են: «Մասնավորապես՝ նեոնատոլոգիան երիտասարդ մասնագիտություն է, ձևավորվել է Միացյալ Նահանգներում և Եվրոպայում։ Հայաստանը խորհրդային տարածաշրջանում առաջինն էր, որտեղ նեոնատոլոգիան ներդրվեց որպես առանձին մասնագիտացում», – մանրամասնում է համալսարանականը։
Նշենք, որ գերմանացի կոլեգաների հաջորդ այցը «Մուրացան» նախատեսված է այս տարվա մայիսին: