ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը հյուրընկալել էր Գերմանիայից առողջապահության կազմակերպիչներ' Յորգ Հայերին և Յուրգեն Շեֆերսին, որոնք հանդես գալով դասախոսություններով՝ կիսվեցին իրենց մասնագիտական գիտելիքներով և փորձով։
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով երկօրյա դասախոսությունների հիմնական օրակարգը:
«Արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում ենք Գերմանիայից հրավիրված պրոֆեսորների հետ, հիմնականում սեմինարների, աշխատակարգերի և համաժողովների շրջանակում, որոնց ընթացքում քննարկվում են առողջապահական և հանրային առողջությանը վերաբերող մի շարք հարցեր: Համագործակցություն օգնում է մեզ ծանոթանալ ոլորտի փոփոխություններին և գործընթացներին, որոնք ընթանում են աշխարհում: Ինչպես գիտեք, Գերմանական առողջապահական համակարգն աշխարհի ամենալավ համակարգերից մեկն է: Պրոֆեսորների դասախոսությունները շատ կարևոր տեղեկատվություներ և մեծ հնարավորություններ են մեզ համար»,-նշեց Մարինե Հովհաննիսյանը:
Գերմանիայի Հանովեր քաղաքի Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն, առողջապահական իրավունքի մասնագետ Յորգ Հայերն անդրադարձավ կորոնավիրուսային համավարակի ընթացքում առողջապահական համակարգի խնդիրներին և դրանց կառավարմանը՝ նշելով մի շարք հակասություններ։
«Հանրային առողջապահությունը կարևոր ոլորտներից է, որին մշտապես անդրադառնում ենք: Պանդեմիան ցույց տվեց, որ համաճարակն իրենից չի ներկայացնում այն խնդիրները, որոնք կան և՛ Հայաստանում, և՛ Գերմանիայում, քանի որ դրանք անընդմեջ փոփոխվող են: Պանդեմիան մեծ խնդիր է ամբողջ աշխարհի համար, աշխատանքային մեծ ռեսուրսներ է պահանջում»,-ասաց պրոֆեսորը՝ խոսելով նաև խոցերի խմբերի մասին, ներկայացրեց կատարված հետազոտությունները:
Գերմանիայի Հանովեր քաղաքի Ուռուցքաբանության կենտրոնի գործընթացների և հետազոտությունների կառավարման բաժնի ղեկավար Յուրգեն Շեֆերսն անդրադարձավ հատկապես վերջին 2-3 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին և դրանց ազդեցությանը գլոբալ առողջապահական համակարգի վրա։
«Այսօր խոսելու եմ կայուն զարգացման նպատակների, աշխարհի տարբեր երկրների առողջապահական համակարգերում վերջին 20 տարվա ընթացքում տեղի ունեցող փոփոխությունների մասին»,-ընդգծեց նա։
Նշենք, որ Հանրային առողջության ֆակուլտետում արտերկրի բժիշկ-գիտնականների դասախոսությունները շարունակական են: