Բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական ֆակուլտետներում, այդ թվում՝ օտարերկրացիների ուսուցման դեկանատում սովորում է Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Սիրիայից, ԱՄՆ-ից, Իրանից, Շվեդիայից, Լիբանանից, Լեհաստանից, Գերմանիայից ժամանած ազգությամբ հայ շուրջ 630 ուսանող:
Ղազախստանում ծնված ու մեծացած ԵՊԲՀ 1-ին կուրսի ուսանող Մադլենա Ծատուրյանը դեղագիտական ֆակուլտետում սովորող այն 10 ապագա դեղագետներից է, որը բարձրագույն կրթություն ստանալու և մասնագիտացում ձեռք բերելու նպատակով վերադարձել է հայրենիք:
Բժշկական համալսարանի ուսանողը սովորել է Ղազախստանի լավագույն գիմնազիայում, մասնակցել է օլիմպիադաների, գրավել պատվավոր հորիզոնականներ: Դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո` հայրենիքում սովորելու և ապրելու ցանկությունը նրան բերել է բժշկական բուհ:
«Մանկուց երազել եմ բժշկական համալսարանում սովորելու մասին։ Դպրոցում շատ հետաքրքրված էի քիմիա առարկայով և որոշեցի ընտրել այնպիսի ոլորտ, որն առնչություն կունենան քիմիայի հետ»,-ասում է դեղագիտական ֆակուլտետի ուսանողը՝ ընդգծելով, որ ապագայի նպատակներն իրեն միշտ դրդում են սովորել ու երբեք չծուլանալ:
Մադլենա Ծատուրյանը բժշկական բուհն ավարտելուց հետո նպատակ ունի աշխատել դեղագիտական մեծ ընկերությունում, որտեղ կզբաղվի նոր դեղերի ստեղծմամբ և ուսումնասիրմամբ:
«Ժամանակակից աշխարհում կա դեղանյութերի պատրաստման հիմնախնդիր, այդ իսկ պատճառով դեղագիտությունն ամենաարդիական մասնագիտություններից մեկն է ինձ համար»,-հավելում է ԵՊԲՀ ուսանողը:
Մադլենա Ծատուրյանը նախատեսում է իր մասնագիտական գործունեությունը շարունակել հայրենիքում՝ ներդրում ունենալով Հայաստանում դեղագիտության զարգացման ոլորտում: «Միգուցե հենց դեղագիտությունն էլ դառնա այն ուղին, որի միջոցով Հայաստանը տնտեսապես ավելի կզարգանա և կդառնա մրցունակ զարգացած երկրների շարքում»,-նշում է նա։
Ապագա դեղագետը, խոսելով մասնագիտական որակների մասին, ընդգծում է՝ յուրաքանչյուր մասնագետ նախևառաջ պետք է լինի ուշադիր, հանդուրժող, մարդամոտ, համբերատար, նպատակասլաց և աշխատասեր: Անհրաժեշտ է լավ սովորել, տիրապետել դեղանյութերին, և որ ամենակարևորն է՝ աշխատանքը կատարել բարեխղճորեն:
Կրթություն ստանալու նպատակով հայրենիք վերադարձած բժշկական համալսարանի ուսանողի ինտեգրումն ավելի հեշտ է ստացվել, քանի որ լեզվի հետ խնդիրներ ի սկզբանե չի ունեցել:
«Տանը միշտ հայերեն ենք խոսել, Հայաստանում մայրենի լեզվով հաղորդակցման խնդիր չեմ ունեցել: Իսկ հայերեն տառերը սովորել եմ ընդունելության քննությանը պատրաստվելիս»,-ընդգծում է Ղազախստանից հայրենիք վերադարձած, Դեղագիտական ֆակուլտետում բարձր առաջադիմությամբ սովորող ապագա դեղագետը:
Ապագայի պլանները Հայաստանի հետ կապող Մադլենա Ծատուրյանին բժշկական բուհը տվել է հայրենակիցներով շրջապատված լինելու հնարավորություն, ինչի մասին նա միշտ երազել է։ «Ունեմ վստահելի ընկերներ, որոնց հետ կիսում եմ նույն հետաքրքրությունները, և որոնց կարող եմ դիմել ցանկացած հարցով»,-եզրափակում է նա։