Գիտաբժշկական քննարկումներ` պրոֆեսոր Խոստիկյանի հիշատակին

Գիտաբժշկական քննարկումներ` պրոֆեսոր Խոստիկյանի հիշատակին

Հերթական գիտաբժշկական քննարկումները նվիրված էին բժշկական գիտության և կրթության վաստակաշատ ներկայացուցիչ, Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի երկարամյա ղեկավար, պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի հիշատակին, նրա ծննդյան օրը:

Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնը Պաթոլոգիայի հետբուհական ամբիոնի հետ համատեղ արդեն երկրորդ անգամ նախաձեռնում է գիտաբժշկական քննարկումներ, որտեղ զեկույցներով հանդես են գալիս ուսանողներ և կլինիկական օրդինատորներ։

Նախաձեռնողները վստահ են, որ երիտասարդ սերնդի գիտական հետաքրքրասիրությունը, որոնողական միտքն ու մասնագիտական ձգտումները լավագույն շարունակությունն են այն դպրոցի, որի ստեղծման և կայացման գործում Նելլի Խոստիկյանն ունեցել է անգնահատելի դեր։ Ամբիոնում դասավանդումն արդեն մոդուլային ձևաչափով է՝ բազմաբաղադրիչ գնահատման համակարգով, որտեղ անպայմանորեն կարևորվում է գործնական հմտության բաղադրիչը։

Ուսանողները մեծ ոգևորությամբ, աշխատում են մանրադիտակներով՝ բացահայտելով իրենց համար ախտաբանության զարմանահրաշ աշխարհը։ Ուսումնական ծրագրերից դուրս նրանք արդեն հնարավորություն ունեն խորացնելու իրենց գիտելիքը մասնակցելով «ՊաթոԳենիուս» ուսանողական գիտական խմբակի միջոցառումներին և կլինիկական օրդինատորների «Journal club»-ի քննարկումներին։

«Այսօր, երբ տեսնում եմ այսպիսի հետաքրքրություն դեպի պաթոլոգիան, կարծում եմ, որ մեր կողմից պետք է լինի հնարավորություն այդ հետաքրքրությունը ամբողջականացնելու և բավարարելու: Մենք այս ուսանողական շարժումը պատրաստ ենք աջակցելու և խորացնելու»,-դիմելով մասնակիցներին ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` կարևորելով այս բնագավառում ուսանողական նախաձեռնությունների կյանքի կոչումը:

«Ուրախ կլինեմ, որ այս օղակը, որն այսօր ձևավորվում է ուսանողության շրջանում, կարողանա հետագայում համալրել ամբիոնական կադրային ներուժը: Ես ողջունում եմ նախաձեռնությունը, որը ընձեռել են ամբիոնի վարիչները և ձեզ հայտնում եմ մեր աջակցությունը և պատրաստակամությունը այս նախաձեռնությանը»,- ասաց բժշկական բուհի ղեկավարը:

Պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի կրտսեր որդին՝ «Հերացի 100» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ Արմեն Ավոյանը շնորհակալություն հայտնեց, որ բժշկական համալսարանում հիշում ու գնահատում ենք ուսուցիչներին, շարունակական են գիտաբժշկական քննարկումները: Նա առանձնակի կարևորեց հետաքրրքված և խելացի երիտասարդների ներկայությունն ու գործուն մասնակցությունը այս բուհական իրադարձության մեջ: Արմեն Ավոյանը հաջողություններ մաղթեց և ցանկացավ, որ երիտասրադները ապագայում դառնան ոլորտի լավագույն մասնագետները: «Ախտորոշման ճշգրտությունը սկսվում է պաթոմորֆոլոգիայից». վստահ են ոլորտի ներկայացուցիչները, որոնց շարքում են պրոֆեսորադասախոսական կազմն ու ապագա բժիշկները:

Մասնակիցներին խոսք հղեց ԵՊԲՀ ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա ամբիոնի վարիչ Նաիրա Կարալյանը, Պաթոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Փառանձեմ Խաչատրյանը և ԵՊԲՀ ՈՒԳԸ կրթական բաժնի ղեկավար Մանուշակ Ղուկասյանը, ով ներկայացրեց «Պաթոգենիուս» ուսանողական խմբակի գործունեությունը։

Քննարկումների շրջանակում Պաթոլոգիայի ամբիոնի առաջին կուրսի կլինիկական օրդինատոր Ռուբեն Մինասյանը ներկայացրեց «Պաթոլոգիայի» «Journal club»-ի գործունեությունը, ինչպես նաև հանդես եկավ «Թվայնացումն ու համակարգչային մոդելավորումը ախտաբանության ժամանակաշրջանում․ նոր ախտորոշիչ հեռանկարներ» թեմայով զեկույցով։ Օրդինատոր Խաչիկ Սուքիասյանը ներկայացրեց «Կրծքագեղձի քաղցկեղի մետաստազը վահանագեղձի պապիլյար քաղցկեղի ֆոնին» թեման, Մանե Գևորգյանը՝ «Արտարգանդային հղիություն․ հնարավոր ռիսկերը», Վարդերես Ռուստամյանը՝ «Բարակաղիքային անանցանելիությունից մինչև մելանոմա․ ախտորոշիչ թակարդ», իսկ Սյուզաննա Երկնափեշյանը՝ «Ամորձու բունոցային պատյանից ծագած մեզոթելիոմա» թեմաները։

Գիտաբժշկական քննարկումներին մասնակցեցին նաև ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողները։ Սամուել Մարտիրոսյանը ներկայացրեց «Ոսկրածուծի հյուսվածքաբանական ախտաբանությունը SARS-CoV 2 վարակի դեպքում», Աշոտ Բաղդասարյանը՝ «Հաստ աղու մելանոմա», իսկ Համլետ Խաչատրյանը՝ «Որդանման ելունի պարագանգլիոմա» թեմաները։ Միջոցառման ընթացքում շեշտվեց պաթոմորֆոլոգիայի առանցքային դերը ժամանակակից բժշկության մեջ՝ որպես ճշգրիտ ախտորոշման և արդյունավետ բուժման կարևոր հիմք։

Զեկույցները մրցութային էին, և ժյուրիի անդամների կողմից նախապես սահմանված չափանիշների հիման վրա ընտրվեցին լավագույնները։ Ուսանողների շարքում հաղթող ճանաչվեց Համլետ Խաչատրյանը, իսկ օրդինատորների խմբում՝ Ռուբեն Մինասյանը։ Նրանք արժանացան Ավոյանների ընտանիքի կողմից սահմանված խրախուսական մրցանակների։