Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գիտական խորհրդի հերթական նիստն անցկացվեց

Գիտական խորհրդի հերթական նիստն անցկացվեց

Գիտական խորհրդի մարտի 29-ի նիստում հիմնական զեկուցողը Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Արա Ղազարյանն էր, որը ներկայացրեց Զարգացման և մարքեթինգի բաժինների կողմից կատարված աշխատանքները:

«Անցած տարվա ընթացքում մենք կենտրոնացել ենք մի քանի առանցքային ուղղությունների վրա՝ խթանելու բժշկական համալսարանի ծրագրերի իրականացումը և զարգացնելու «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը՝ որպես ուսանողական քաղաք և առաջատար բուժհաստատություն, որտեղ ոլորտի լավագույն մասնագետների մոտ սովորում են համալսարանի ուսանողները: Նաև ուզում եմ նշել համալսարանի դերը սոցիալական ոլորտում՝ մի շարք ծրագրերի իրականացման գործում»,-նշեց պրոռեկտորը:

2022թ․ իրականացված աշխատանքում շեշտադրվեց, որ թարմացվել է 65 այցելու պրոֆեսորի պայմանագիր, կատարվել է ընթացիկ նամակագրություն:

“Pubmed”- ում բաժինների կողմից թարմացվել է ԵՊԲՀ մասնագետների 2018-2022 թվականների հոդվածների վերաբերյալ տվյալները: Կատարվել է տարածաշրջանի բժշկական համալսարանների ուսումնասիրություն և շուկայի վերլուծություն:

Անցած տարում Զարգացման և մարքեթինգի բաժինների կողմից SIOP- Asia 2023 խոշոր միջազգային կոնֆերանսի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, օտարերկրյա լավագույն մասնագետների տվյալների հավաքագրում ԵՊԲՀ հրավիրելու նպատակով (100 մասնագետ), պետական և մասնավոր բժշկական հաստատությունների և լաբորատորիաների գնացուցակները ուսումնասիրվել են և համեմատվել համալսարանական հիվանդանոցների գնացուցակի հետ:

2023թ․ պլանավորվում է SIOP-Asia 2023 միջազգային խոշոր կոնֆերանսի կազմակերպումը, ինչպես նաև ներգրավել նոր այցելու պրոֆեսորներ և հնարավորության դեպքում հյուրընկալել համալսարանում:

Հյուրընկալել օտարերկրյա մասնագետների փորձի փոխանակման և ուսուցողական վիրահատություններ կատարելու նպատակով, համալրել շրջանավարտների տվյալների բազան, նպաստել ԵՊԲՀ հավատարմագրման գործընթացին: «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի որպես ուսանողական քաղաքի զարգացումը նույնպես օրակարգային է:

Դասասենյակները ավելացել են 27-ով 2021 թվականի համամատ՝ կազմելով 97: Ուսանողական քաղաքի ձևավորման ուղղությամբ քայլերը շարունակական են:

Ամփոփելով` պրոռեկտորը նաև առաջարկների փաթեթ ներկայացրեց, որոնց թվում էր ավելացնել կրթական ծրագրերը, համալսարանական հաստատությունները հագեցնել ավելի ժամանակակից սարքավորումներով:

Լսելով զեկույցը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց պրոռեկտորից, արդյոք ավարտվե՞լ է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի զարգացման ծրագիրը՝ հաշվի առնելով, որ վիրաբուժական, թերապևտիկ և էնդոսկոպիկ ուղղություններով առաջընթացն ու առաջատարությունն ակնհայտ է։

Արա Ղազարյանը պատասխանեց, որ առաջիկա 1-2 տարում ներուժն ուղղվելու է ոչ միայն սրտաբանական, այլև նյարդաբանական և նյարդավիրաբուժական ծառայությունների զարգացմանը։
Պրոռեկտորի խոսքով` էնդովասկուլյար առաջին միջամտությունները կմեկնարկեն հիվանդանոցում արդեն հաջորդ շաբաթ։
Ղազարյանի գնահատմամբ` զարգացման ուղղությամբ անելիքներ դեռ կան։

Պրոֆեսոր Մուրադյանը հետաքրքրվեց նաև OSCE քննությունների անցկացման նոր ձևաչափի համար նախատեսված դասասենյակներից։

Այս ուղղությամբ ևս գործընթացների մեկնարկը տրված է, և քննական սենյակները պատրաստ կլինեն ապրիլի վերջին։

Ռեկտորի առաջարկով Գիտության վարչության պետ,  Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի պաշտոնակատար Սեյրան Քոչարյանը նիստի մասնակիցներին համառոտ ներկայացրեց համալսարանի էլեկտրոնային կառավարման քաղաքականությունը, իրականացված լայնածավալ աշխատանքները։

Մասնավորապես՝ բուհի պաշտոնական կայքէջը վերակառուցման փուլում է։ Առհասարակ, կրթական, հիվանդանոցային միջավայրի թվայնացումն է կատարվող աշխատանքների օրակարգում, որի մասին պարբերաբար կիրազեկվի համալսարանական համայնքը։

Նոմինացիոն կոմիտեի նախագահ Վլադիմիր Շեկոյանը ներկայացրեց անվանի բժիշկ-գիտնական, Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի նախկին երկարամյա ղեկավար Գագիկ Արտաշեսի Բեգլարյանի անվան կրթաթոշակ սահմանելու հարցը, որն արժանացավ Գիտական խորհրդի հավանությանը:

Պրոֆոսոր Շեկոյանը խոսելով Նոմինացիոն կոմիտեի միաձայն ընդունված որոշման մասին տեղեկացրեց, որ կրթաթոշակը կտրամադրվի մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտի այն կլինիկական օրդինատորին, որին կընտրի «Բեգլարյան» բժշկական կենտրոնը, Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնը  համալսարանի հետբուհական կրթության ոլորտի պատասխանատուների հետ` բաց մրցութային կարգով։

«Բժշկագիտության նվիրյալների անվան նման կրթաթոշակների սահմանմամբ ոչ միայն հավերժանում է նրանց անունը, այլև պատասխանատվություն զգալով՝ զարգանում է նոր սերունդը»,- ասաց ռեկտորը` հույս հայտնելով, որ գեղեցիկ ավանդույթը, որը եզակի չէ, շարունակական կդառնա։

Հավանության արժանացավ նաև «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ընդհանուր վերահսկողության վարչության կանոնակարգը` Ընդհանուր վերահսկողության վարչության պետ Վարդան Գյուլամիրյանի զեկուցմամբ:

Գիտական խորհուրդը նաև երաշխավորություն տվեց պրոֆեսորի և դոցենտների գիտական կոչումների համար պրոֆեսորադասախոսական կազմի երեք ներկայացուցչի: