Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գիտական խորհրդի տարեվերջյան նիստն ամփոփվեց հագեցած օրակարգով

Գիտական խորհրդի տարեվերջյան նիստն ամփոփվեց հագեցած օրակարգով

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ գիտական խորհրդի տարեվերջյան նիստը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հանդես եկավ տարեկան ամփոփիչ հաշվետվությամբ, ինչպես նաև ծանոթացրեց 2019 թվականի բյուջեի նախագծին, որն արժանացավ գիտխորհրդի հավանությանը:

Արմեն Մուրադյանն անդրադարձավ համալսարանի ուսումնական, գիտական ու կլինիկական ուղղություններին: Խոսելով դիմորդների և ուսանողների թվի մասին՝ ԵՊԲՀ ռեկտորն  ասաց, որ բժշկական համալսարանը դիմելիության առումով շարունակում է առաջատար մնալ: «Մենք հստակ գիտենք ճանապարհային քարտեզն ու մեր անելիքները»,- ընդգծեց նա` ավելացնելով, որ ԵՊԲՀ-ն  ուսանողներին ակտիվորեն ներգրավում է դեպի գիտություն, և այս ասպարեզում ձեռքբերումներն արդեն տեսանելի են:

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի ձեռք բերումը համարելով տարվա կարևոր, լավագույն ձեռքբերումներից մեկը՝ ԵՊԲՀ ռեկտորը նշեց, որ 2019 թվականին ակնկալվում է ակտիվ աշխատանք՝ նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու համար: «Լրջագույն խնդիրներով հիվանդանոցն արագ տեմպերով վերականգնվեց: Դա խոսում է, այն մասին, որ 2019-2020 թվականերին հիվանդանոցի ոչ միայն վերածնունդն է լինելու, այլ նաև, այն գերիշխող դիրք է ունենալու հանրապետությունում՝ շնորհիվ համառ աշխատանքների և պրոֆեսորադասախոսական կազմի »,- ասաց Արմեն Մուրադյանը:

ԵՊԲՀ ռեկտորը ներկայացնելով տարեկան հաշվետվությունը՝ խոսեց  ուսուցման բազմաբաղադրիչ ձևաչափի կիրառման, ուումնական պրոցեսի և գիտելիքների գնահատման բարելավման, նեղ մասնագիտական ամբիոնների ձևավորման, դասախոսների վերապատրաստման, ուսումնական նյութատեխնիկական բազայի բարելավման, միջազգային համագործակցության ծրագրերի և մի շարք այլ հարցերի մասին:  

Օրակարգի համաձայն՝ զեկույցով հանդես եկավ ռեկտորի խորհրդական Իզաբելլա Աբգարյանը, ով գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կառուցվածքային միավորների անվանակոչության կարգը, որը սահմանում է հիմնադրամի կառուցվածքային միավորների (ֆակուլտետներ, ամբիոնների, լսարաններ, գիտական և կրթական կենտրոններ և այլն) անվանակոչության կարգը, դրան ներկայացվող պահանջները, սահմանափակումները, ինչպես նաև կառուցվածքային միավորների վերակազմակերպման և լուծարման դեպքերում տրված անվանումների պահպանման, փոփոխման և դադարման պայմանները:

Գիտխորհրդի հաստատմանը ներկայացվեց նաև «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի աշխատողների անձնական տվյալների պահպանության, օգտագործման, վարչական տարածքում տեսանկարահանում և տեսաձայնագրում իրականացնելու կարգերը, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի մանդատային հանձնաժողովի աշխատակարգը:

Ուսումնական գրականությունը գիտական խորհրդի հաստատմանը ներկայացվեց գիտքարտուղար Տաթևիկ Ավագյանի կողմից: Զեկուցված կարգերն հաստատվեցին գիտական խորհրդի որոշմամբ: Նիստի վերջում, հիմք ընդունելով հաշվիչ հանձնաժողովի քվեարկության արդյունքները, ֆարմացիայի ամբիոնի դոցենտ Կարինե Մարգարյանին շնորհվեց պրոֆեսորի գիտական կոչում:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գիտական խորհրդի տարեվերջյան նիստի ավարտին շնորհավորեց ներկաների գալիք Նոր տարին՝ ցանկանալով ջերմություն, երջանկություն ու խաղաղություն: «Բոլորդ ներդաշնակության ու հոգեկան անդորրի մեջ վայելեք այն ամենը, ինչ ստեղծել եք»,- ասաց ԵՊԲՀ ռեկտորը: