Հովհաննես Հունանյանը ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետ է ընդունվել 2017-ին, այժմ սովորում է 5-րդ կուրսում:
Դպրոցական տարիներն անցկացնելով գյուղում՝ հաճախ է հանդիպել զանազան բույսերի և լսել դրանց բուժիչ ազդեցությունների ու կիրառությունների մասին, որոնք և մասնագիտություն ընտրելու հարցում մեծ դեր են խաղացել:
«Ցանկանում էի մանրամասը ուսումնասիրել դրանք, իմանալ կիրառությունները: Հայրս մեղվապահ էր և հաճույքով եմ հիշում իմ անցկացրած ամռան ամիսները Շիրակի դաշտերում գտնվող մեղվանոցում: Ավելի բարձր դասարաններում վերլուծելով ապագա մասնագիտական դաշտը ու դեղագետի մասնագիտության նկատմամբ աճող պահանջարկը ՝ որոշումս դարձավ հստակ և 2017 թվականի հուլիսի 7-ին ընդունվեցի բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետ»,-նշում է ապագա մասնագետը:
Հովհաննես Հունանյանը ԵՊԲՀ-ում սովորելով 4 տարի և գերազնացությամբ ավարտելով բակալավրիատը՝ այժմ սովորում է մագիստրոսի ուսումնական ծրագրով:
«Մեր ֆակուլտետն ունի և ուսանողին տալիս է հնարավորություն ուսումնասիրելու դեղագետի մասնագիտությունը հստակ նախագծված ուսումնական ծրագրով, որը ներառում է մասնագիտական բոլոր հանգույցների մանրամասն վերլուծությունը՝ դեղի նախագծումից մինչև կլինիկական կիրառում կամ ոչնչացում»,-ընդգծում է բժշկական մայր բուհի ուսանողը:
Նրա խոսքով՝ համալսարանում կազմակերպվում են գիտական տարբեր միջոցառումներ, որոնց ակտիվ մասնակցության շնորհիվ, բացի լրացուցիչ գիտելիքներից, ձևավորվում են կապեր ոլորտի առաջատար մասնագետների հետ՝ ուսումնառությունը և մասնագիտական զարգացումը դարձնելով ավելի արդյունավետ:
«Դեղագործական արդյունաբերության ներկայիս եռուզեռը և շուկայում մասնագետի պահանջարկը, դեղագետին տալիս են անընդհատ զարգանալու հնարավորություն և, ինչու չէ, պարտավորություն: Կենսատեխնոլոգիայի ոլորտում արագ փոփոխությունների և զարգացման շնորհիվ երեկվա հավակնոտ երազանքներն այսօր արդեն իսկ դարձել են մշակված բուժական միջոցներ և փրկում են կյանքեր»,-ընդգծում է ապագա դեղագետը:
Մագիստրոսի ծրագրով ուսումն ավարտելուց հետո Հովհաննեսը ցանկություն ունի կրթությունը շարունակել օրդինատուրայում՝ ստանալով նեղ մասնագիտական կրթություն դեղագործության կառավարման` մենեջմենթի ոլորտում:
«Գիտական հետագա գործունեությունս և ապագա գիտական աշխատանքներս նվիրելու եմ կենսատեխնոլգիաների միջոցով նոր դեղերի ստացման փորձերին, իսկ աշխատանքային գործունեությամբ կշարունակեմ զբաղվել միջազգային կազմակերպությունում որպես դեղազգոնության մասնագետ, որտեղ աշխատում եմ արդեն գրեթե 1 տարի»,-ապագայի ծրագրերը բացահայտելով՝ իր խոսքն ամփոփում է ուսանողը: