Հուլիսի 17-ին տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ նվիրված «Կրթության բարելավում» ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով իրականացվող «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կենտրոնի կառուցման ընթացիկ աշխատանքներին:
Քննարկմանը մասնակցում էին ինչպես ԵՊԲՀ աշխատակիցներ, այնպես էլ կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների մրցույթում հաղթող ճանաչված «ԷՅ ՎԻ ԷՆ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչներ:
Ընկերության տնօրեն Գ. Բեզիրջյանն ու գործընկերները լուսանկարների և տեսահոլովակի միջոցով ներկայացրին իրականացված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև պատասխանեցին դրանց վերաբերյալ հնչող հարցերին: Վերջիններիս կողմից ընդգծվեց, որ նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակը և արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումները խոչընդոտել են նախագծման աշխատանքները նախատեսված ժամկետներում ավարտելուն, ինչի պատճառով կատարման ժամկետը երկարաձգվել է:
Միևնույն ժամանակ, հանդիպման մասնակիցներն արձանագրեցին, որ անգամ ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակում արվում է հնարավորը ժամանակակից բարձրորակ կենտրոնի ստեղծման աշխատանքները պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:
Ամփոփելով հանդիպումը՝ դրամաշնորհային ծրագրի ղեկավար, ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ հավելելով, որ նմանատիպ քննարկումները և դրանց ընթացքում պարզաբանված հարցերը կարող են նպաստել աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը: