ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի հետազոտողներն ու վարչական անձնակազմը ծրագրի համակարգող, գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոստանտին Ենկոյանի գլխավորությամբ աշխատանքային 5 օրն անցկացրել են Գերմանիայի գործընկեր համալսարաններում։
ԵՊԲՀ աշխատակիցներին հագեցած օրակարգով հյուրընկալել են Թյուբինգենի Էբերհարդ և Կարլ համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի բաժնի, բջջային/մոլեկուլային ֆարմակոլոգիայի լաբորատորիայի ղեկավար Լուսինե Դանիելյանը և Շտուտգարտի կլինիկական ֆարմակոլոգիայի ինստիտուտի տնօրեն Մաթիաս Շվաբը:
Թյուբինգենի Էբերհարդ և Կարլ համալսարանում ՔՈԲՐԵՅՆ թիմը հնարավորություն է ունեցել այցելել բջջային/մոլեկուլային ֆարմակոլոգիայի լաբորատորիա, որտեղ հետազոտողները մասնակցել են լաբորատոր փորձերին, ծանոթացել են լաբորատորիաների փաստաթղթաշրջանառությանը, մտավոր սեփականության գործընթացին, կլինիկական փորձարկումների փորձառությանը, մոլեկուլյար կենսաբանության կրթական ծրագրին, դրամաշնորհային ծրագրերի համակարգմանն ու կենդանանոցի աշխատանքների կազմակերպմանն ուղղված դասախոսություններին / ելույթներին։ Հատկապես ոգևորիչ է եղել KEYENCE ֆիրմայի նորագույն թվային կարգավորումներով ֆլյուորեսցենտային մանրադիտակի ներկայացումը, որի աշխատանքային հնարավորություններին տեղում ծանոթացել են նաև մեր հետազոտողները։
Շտուտգարտի կլինիկական ֆարմակոլոգիայի ինստիտուտի գիտատեխնիկական հնարավորությունները մեր թիմը բացահայտել է հետաքրքիր շրջայցի միջոցով։ Հատուկ հրավիրված մասնագետները հաճույքով մեր թիմի հետ են կիսել իրենց փորձառությունը հետազոտական գործունեության, կլինիկական և տրանսլյացիոն հետազոտական նախագծերի կազմակերպման ուղղությամբ:
Բժշկական համալսարանի «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի համակարգող Կոստանտին Ենկոյանի և գերմանական երկու հաստատության ղեկավարների հանդիպման արդյունքում նախանշվել են համագործակցության նոր ուղղություններ, որոնց մասին, հուսանք, դեռ կլսենք: