Բժշկական համալսարանում ոչ աշխատանքային օրերին ևս ուսանողների և դասախոսների մասնակցությամբ տասնյակ միջոցառումներ են կազմակերպվում։ «Ճանապարհ դեպի հաջողություն» խորագրով շաբաթօրյա համաժողովը այդ միջոցառումների թվում էր, որը նախաձեռնել էր Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի դասախոս Արմինե Հարությունյանը։
«ԵՊԲՀ քոլեջի ուսանողները մեր ամբիոնում անցնում են ձեռներեցություն առարկան, որի շրջանակում էլ կազմակերպել էի “Trip To Success” ուսանողական համաժողովը։ Քոլեջի սովորողների համար առաջին անգամ էր համաժողով կազմակերպվում, կարծում եմ, որ միջոցառումը ստացված էր:
Ուսանողները բավականին ոգևորված էին, արդեն խոսում էին հաջորդ միջոցառման կազմակերպման մասին»,- նշում է Արմինե Հարությունյանը։ Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մի շարք արդի ու հետաքրքիր թեմաների. առաջնորդությունից, գործարար էթիկայից, ՍՎՈԹ վերլուծությունից, մինչև բիզնես նախագծեր, ոչ ֆորմալ կրթություն, դրամաշնորհներ։ Զեկուցողներին տրվել են հավաստագրեր:
Եղել են նաև խրախուսական հավաստագրեր՝ միջոցառմանը ներկա ակտիվ ուսանողների համար: Չնայած ոչ աշխատանքային օրվան, քոլեջի և բուհի ուսանողների թիվը շատ էր։
Միջոցառմանը ներկա էր նաև ամբիոնի դասախոսական կազմը, վարիչ՝ Արտաշես Թադևոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԵՊԲՀ քոլեջի տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանը։