Գիտակրթական ոլորտը 2019 թվականին նշանավորվեց 2-րդ կուրսեցիների համար նախատեսված «Հետազոտության հիմունքներ» նոր առարկայի ներդրմամբ։ Ընտրված 10 դասախոսներ և հատուկ թեմաներ, 3 ամիս տևողությամբ ծրագիր, MOODLE կրթական համակարգի կիրառում, 88 մասնակից ուսանող, ուսանողների կողմից ընտրված 38 թեմա և ներկայացված թիմային զեկույցներ, ընկերական և հետազոտական միջավայր, նոր հայացք դեպի կրթություն և գիտություն, փոխված մտածելակերպ և քննադատական մտածողություն, ապագա փայլուն գիտնականներ և գերազանց բժիշկ֊հետազոտողներ. հենց այսպես բնութագրեց առարկան և գրանցված արդյունքները առարկայի ուսումնական համակարգող, ԵՊԲՀ Ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ասպիրանտ Մարիամ Մովսիսյանը։
Ծրագիրը լինելու է շարունակական, հաջորդ կիսամյակում հերթը Ստոմատոլոգիական և Դեղագիտական ֆակուլտետների 2-րդ կուրսեցիներինն է։
«Հետազոտության հիմունքներ» առարկայի պատասխանատու ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը ընդգծում է. «Կիսամյակի ընթացքում ուսանողների ոգևորված աշխատանքը, պատասխանատվությամբ պատրաստված զեկույցները և հաջող ներկայացման ձգտող աչքերի փայլը փաստում են այն մասին, որ առարկան հաջողել է և ապագայում մենք քաղելու ենք վերջինիս պտուղները հետազոտողների նոր և առավել մրցունակ սերնդի տեսքով։
Գիտությունն ու կրթությունը ինտեգրելու այս կարևոր ինստիտուցիոնալ մարտահրավերը հաջողությամբ պսակվեց»: