«Տեսությունից գործնական նեյրոգիտության մեջ» (“From theory to practice in Neuroscience”) 3-րդ գիտական դպրոցի տեսական դասընթացները մեկնարկեցին նոյեմբերի 28-ին՝ «Գիտության շաբաթ 2018»-ի շրջանակում:
Ուսանողական գիտական ընկերության նախագահ Սենիկ Մատինյանի խոսքով՝ դասընթացը կոչվում է «Տեսությունից գործնական», քանի որ մասնակիցները դպրոցի շրջանակներում հնարավորություն կստանան գործնականում կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքները։ Վերջիվերջո գիտնականը ցանկանում է օր առաջ գիտական հասարակությանը ներկայացնել իր իսկ ստացած արդյունքները: «Դա չի կարող իրականանալ, եթե չօգտագործվի ճիշտ մեթոդաբանություն, մեթոդներ, որոնք ընդունելի են ամբողջ աշխարհի գիտական հասարակության կողմից: Այդ մեթոդներից օգտվելու համար նախ պետք է ունենալ հստակ տեսական բազա, իսկ այնուհետև գտնել ձեռք բերված գիտելիքների գործնական կիրառության ոլորտները»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ նեյրոգիտությունն ամենաարագ զարգացող գիտական ուղղություններից մեկն է, որտեղ ԵՊԲՀ-ն արդեն ունի կայուն, ֆիքսված հաջողություններ: «Գիտության շաբաթ 2018»-ի երրորդ օրը ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, Նեյրոգիտության լաբորատորիայի ղեկավար, Կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը հանդես եկավ դասախոսությամբ` ներկայացնելով «Արմատներից դեպի աստղեր» զեկույցը:
Կոնստանտին Ենկոյանի խոսքով՝ զեկույցի վերնագիրը պատահական չէ: «Այսօրվա դասախոսության հիմնական նպատակն է գիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին ծանոթացնել նեյրոգիտության արմատներին, հասկանալ, թե ուր է գնում աշխարհը, միավորվելով ընդհանուր թեմայի շուրջ՝ հասնելով գեղեցիկ ապագայի, որը կլինի նորի սկիզբ», – ասաց գիտության գծով պրոռեկտորը:
ԵՊԲՀ ուսանողները ևս երկու օր՝ «Գիտության շաբաթ 2018»-ի շրջանակում, հնարավորություն կունենան գտնվել գիտական մթնոլորտում՝ ստանալով պրակտիկ գիտելիքներ: