Այս տարի ևս նեյրոգիտության ասպարեզում համաշխարհային ճանաչում վայելող և ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկի` Եվրոպայի նեյրոգիտական ընկերությունների հիմնադրամի (Federation of European Neuroscience Societies – FENS) կողմից հայտարարված և Dana հիմնադրամի աջակցությամբ անցկացվող «Ուղեղի ճանաչման շաբաթը» (Brain Awareness Week) Հայաստանում կազմակերպելու և կազմակերպության միջոցառումների շարքում մեր երկիրը ներկայացնելու հնարավորությունը ստացել է Երևանի պետական բժշկական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը:
Շատ սպասված Ուղեղի ճանաչման շաբաթը, որը բազմիցս հետաձգվել էր համաճարակաբանական և պատերազմական իրավիճակի պատճառով, մեկնարկեց մարտի 15-ին՝ ներկայանալով փոփոխված ձևաչափով։
Աշխարհի տարբեր երկրներում՝ սկսած 1996 թվականից, անցկացվում է այս միջոցառումը, որի նպատակն է բարձրացնել հանրության լայն շերտերի իրազեկվածությունը, ծանոթացնել ուղեղի կառուցվածքաֆունկցիոնալ յուրահատկություններին, ինչպես նաև տարածել և քննարկել նեյրոգիտության ոլորտի բազմատեսակ հետազոտությունները: Այս տարի տարբեր տեսանկյուններից կներկայացվեն այնպիսի հետաքրքիր և արդիական թեմաներ, ինչպիսիք են էմոցիաները, ինտելեկտը և էմոցիոնալ ինտելեկտը։
Բացման խոսքով ելույթ ունենալով մեկնարկային հանդիպմանը՝ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը գոհունակություն հայտնեց առ այն, որ մեկ տարվա ուշացումից հետո հաջողվեց կազմակերպել հանրապետական մասշտաբի այս միջոցառումը:
«Այս մեկ շաբաթվա ընթացքում դուք մի փոքր լույս կսփռեք ուղեղի այս կամ այն առանձնահատկության վրա, մի փոքր լույս, որովհետև մենք դեռ շատ հեռու ենք ուղեղի բացահայտումից: Վստահ եմ, որ իրական «ուղեղի» շաբաթ կանցկացնեք և կկարողանաք ձեր ստացած գիտելիքը փոխանցել շրջապատին», – ավելացրեց պրոռեկտորը:
Միջոցառման առաջին խոսնակը Կենսաքիմիայի ամբիոնի դասախոս Հասմիկ Հարությունյանն էր, որն ուսանողներին ծանոթացրեց ինտելեկտի և խրախուսման համակարգի բիոքիմիական մեխանիզմներին։ Սկսելով իր դասախոսությունը տիեզերքի առաջացման և մարդու էվոլյուցիայի մասին կարճատև ֆիլմով՝ նա անդրադարձավ ինտելեկտի գոյության հարցին: Հասմիկ Հարությունյանն ընդգծեց, որ իրականում բոլորն ունեն ինտելեկտ, որն առաջանում է ուղեղի բոլոր բաժիններում: Նա առանձնացրեց ինտելեկտի մի քանի տեսակ՝ բյուրեղացված, հոսող կամ հեղուկ, էմոցիոնալ և արհեստական: Անդրադարձ կատարվեց նաև ինտուիցիա և կամքի ուժ հասկացություններին:
Դասախոսության ավարտին Հասմիկ Հարությունյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին:
Ուշագրավ է, որ «Ուղեղի ճանաչման շաբաթվա» մեկնարկին ներկա էին նաև այլ համալսարանների ուսանողներ:
Հետագա մեկ շաբաթվա ընթացքում ևս համալսարանականները հնարավորություն կունենան մասնակցելու ինտերակտիվ և արդիական զեկույցներին, քննարկումներին, ինտելեկտուալ և ժամանցային խաղերին և նորովի բացահայտելու մարդու ուղեղի հնարավորությունները։