Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գիտական աշխատանքների տարեկան հաշվետվությունը ներկայացվեց համալսարանականներին

Գիտական խորհրդի դեկտեմբերի 15-ի նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ անվանի բժիշկ-գիտնական, Հյուսվածքաբանության ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանի։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը որպես բժիշկ և բժշկական բուհի ղեկավար, խոսքն ուղղելով ներկաներին, իր առանձնահատուկ զորակցությունը հայտնեց Արցախի բժիշկներին, բուժառուներին, որոնք Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ են հայտնվել այս օրերին։

Նիստի առանցքում էր ԵՊԲՀ գիտական աշխատանքների տարեկան հաշվետվությունը` պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի զեկուցմամբ։

Պրոռեկտորը ներկայացրեց ԵՊԲՀ գիտական գործունեությունը 2020, 2021 և ընթացիկ 2022 թվականին։ 

Փաստերով և թվերով պրոֆեսոր Ենկոյանը խոսեց ԵՊԲՀ միջքզգային դրամաշնորհների մասին։

«Մեր թիմային աշխատանքի շնորհիվ միայն Հորիզոն 2020 նախաձեռնության շրջանակներում բժշկական բուհը երեք միջազգային խոշորագույն դրամաշնորհ   շահեց» -ընդգծեց նա։ 

ԵՊԲՀ «գիտական պատասխանը» COVID-19-ին եղավ Web of science հանդեսում հետազոտական 6 հոդվածի, Համալսարանական գիտական հանդեսում երեք հատուկ համարի, գիտական այլ միջոցառումների տեքսով:

Պրոռեկտորը կարևորեց այն փաստը, որ հետազոտության շրջանակում  անվճար հետազոտվել են 1700-ից ավել պացիենտ՝ դրանով իսկ ծառայություն մատուցելով հանրությանը:

Նա  հանգամանալից ներկայացրեց գիտական գործունեությունը, ակնկալվող արդյունքները և ծրագրերը, ինչպես նաև շեշտեց, որ համալսարանը վերլուծելով, կապիտալիզացնելով և զարգացնելով կատարված ծրագրերը՝ պատրաստվելու է վարկանիշավորման գործընթացներին: 

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանի ներկայացմամբ հաստատվեց ուսումնական պլաններում փոփոխություններ կատարելու հարցը:

Ռազմաբժշկական ֆակուլտետի ֆակուլտետային խորհրդի կազմի փոփոխության հաստատման մասին զեկուցեց Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը:

Հաստատվեց միջին և ավագ բուժանձնակազմի կատարելագործման դասընթացների ծրագրերը։ «Օտարերկրյա ուսանողներ ներգրավելու մասին» քաղաքականության ծրագիրը` Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի ներկայացմամբ նույնպես հաստատվեց Գիտական խորհրդի անդամների կողմից:

Ամփոփելով նիստը Արմեն Մուրադյանը գիտական խորհրդի անդամներին և նիստին ներկա Թբիլիսիի բժշկական համալսարանի պատվիրակությանը ներկայացրեց ԵՊԲՀ լավագույն մարզիկներին, որոնք հաջողություններ են գրանցել սպորտում:

«Մեր ուսանողների գրանցած հաջողությունները վկայում են այն մասին, որ բժշկական համալսարանը ձևավորվում է մթնոլորտ, անգամ սպորտում, սակայն, անկախ մարզական հաջողություններից, կարևոր է, որ հետագայում վայելեք պացիենտների գոհունակությունը, ինչը բժշկի համար ամենամեծ գնահատականն է»,- ընդգծեց ռեկտորը:

Ստոմատոլոգիական ֆակուլետի 5-րդ կուրսի ուսանողներին՝ կարատեի չեմպիոններ Դավիթ և Անիտա Մակյաններին և Հայաստանի ուսանողական 23-րդ հանրապետական մարզական խաղերում Ֆուտզալի Լիգայում չեմիոն դարձած ուսանողների թիմին ռեկտորը հաջողություններ մաղթեց: