ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի առաջին նախագիծը՝ «ԳիտԱրար»-ն, ամփոփեց իրականացրած աշխատանքի արդյունքները: Նախագծի մասնակիցներն արժանացան վկայականների, իսկ հաղթող խմբերը պարգևատրվեցին:
Ծրագրի շրջանակում մասնակիցները ձեռք են բերել գիտական աշխատանք իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ, առանցքային հմտություններ և հնարավորություն են ունեցել ստացած գիտելիքները կիրառել իրենց հետազոտական ծրագրերի նախագծման համար։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հանձնելով մրցանականները՝ անդրադարձավ բժշկական համալսարանում հետազոտական աշխատանքների կարևորությանը և, հատկապես, այդ աշխատանքներում ուսանողների ներգրավվածությանը:
Բուհի ռեկտորը հաղթող թիմին և «ԳիտԱրար»-ի մասնակից ուսանողներին խոստացավ՝ համալսարանում որակյալ հետազոտական աշխատանքներ կատարելու դեպքում, ճանապարհորդական դրամաշնորհների հնարավորություն ընձեռել՝ համալսարանը միջազգային հարթակներում ներկայացնելու նպատակով:
ԵՊԲՀ գիտության պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանն ամփոփելով ՔՈԲՐԵՅՆ ծրագրի շրջանակներում վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված երիտասարդական նախագծերը՝ ընդգծեց, որ ՔՈԲՐԵՅՆ ծրագրի առաջնային նպատակներից է ուսանողների և երիտարդների համար հետազոտական միջավայրի ստեղծումը:
ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի պատասխանատու Մարիամ Մովսիսյանը ներկայացրեց գրասենյակի կողմից տարվա ընթացքում նախաձեռնած ծրագրերը և խոստացավ, որ դրանք լինելու են շարունակական: