Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գիտաժողով՝ մանկաբարձ-գինեկոլոգների մասնակցությամբ

Գիտաժողով՝ մանկաբարձ-գինեկոլոգների մասնակցությամբ

«Արգանդի բարորակ նորագոյացությունների բուժման մարտավարություն» թեմայով կրեդիտավորված գիտաժողովը մարտի 18-ին բժշկական բուհում համախմբեց Երևանի և հանրապետության մարզերի 300 մանկաբարձ-գինեկոլոգի։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունեց մասնագիտական նման ձևաչափի քննարկումները՝ ներկաներին հայտնելով, որ առաջիկայում համալսարանի և «Բեգլարյան» բժշկական կենտրոնի հետ կկազմակերպվեն Բեգլարյանական ընթերցանության օրեր՝ նվիրված բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Գագիկ Բեգլարյանին։

Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի նախկին երկարամյա ղեկավար, լուսահոգի Գագիկ Բելգարյանի անունով ծրագրվում է սահմանել կրթաթոշակ։

Կայանալիք ընթերցանության օրերի ընթացքում Բեգլարյան ընտանիքի և համանուն բժշկական կենտրոնի կողմից կընտրվի լավագույն կլինիկական օրդինատորը՝ արժանանալով անվանական կրթաթոշակի։

ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ Արմինե Հարությունյանը կարևորեց նման գիտագործնական միջոցառումների կրթական և մասնագիտական կատարելագործման բաղադիչը։

«Գիտաժողովին ներկա էին պրոֆեսիոնալները։ Մեծ փորձով դասախոսներ և պրակտիկ բժիշկներ հանրապետության տարբեր բժշկական հաստատություններից»,- շեշտեց պրոֆեսոր Հարությունյանը՝ հավելելով, որ որպես ամբիոնի վարիչ գիտաժողով կազմակերպում էր առաջին անգամ և առաջիկայում ևս նրա կողմից նախաձեռնված մասնագիտական հավաքները շարունակական են լինելու։

Միջոցառումը նախաձեռնել էր ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնը և «Սթարթ օֆ լայֆ» բժշկական հասարակական կազմակերպությունը։

«Արգանդի բարորակ նորագոյացությունների բուժման մարտավարություն» գիտաժողովին ելույթ ունեցան ոլորտի առաջատարները՝ ներկայացնելով և քննարկելով հետաքրքիր դեպքեր, հագեցած մասնագիտական նյութ։

Բոլոր մասնակիցներին կտրվեն շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ։