Հայ գիտնականների հերթական խոշոր նվաճումը Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնի ստեղծման ճանապարհին

Հայ գիտնականների հերթական խոշոր նվաճումը Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնի ստեղծման ճանապարհին

Երևանի պետական բժշկական համալսարանը ստացել է խոշոր դրամաշնորհ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) կողմից։ Դրամաշնորհը ծառայելու է Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի կառուցման համար, որը COBRAIN ծրագրի հետ համատեղ հիմք է հանդիսանալու ուղեղի հետազոտություններով զբաղվող գերազանցության կենտրոնի համար։ 

Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի ստեղծման նախադրյալների, նպատակների և գործառույթների մասին խոսել ենք ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանի հետ: 

– Պարոն Ենկոյան, ինչպե՞ս որոշվեց ստեղծել Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն: 

– Ուղեղի հետազոտությունները հայ գիտության մեջ շատ խորը արմատներ ունեն։ Դեռևս 1940-ական թվականներից սկսած կենսաքիմիայի եւ նեյրոգիտության ոլորտում կարևորագույն հետազոտություններ էին անում  պրոֆեսորներ Ֆանարջյանը, Բունիաթյանը, Մայրապետյանը և այլք։  Ժամանակային որոշ դադարից հետո վճռեցինք հայ գիտության մեջ վերակենդանացնել ուղեղի հետազոտական ուղղությունը՝ ստեղծելով նեյրոգիտության լաբորատորիան, որը որպես հենք  ծառայում էր ուղեղի հիմնարար հետազոտությունների համար։ Այդ առաքելությանն է ուղղված նաև ԵՊԲՀ Հորիզոն 2020 COBRAIN ծրագիրը, որի հիմնական նպատակը ուղեղի հետազոտություններով զբաղվող երիտասարդ գիտնականների կրթումը և մասնագիտացումն է։ Ժամանակի ընթացքում հասկացանք, որ ուղեղի հիմնարար հետազոտությունները պահանջում են ավելի լուրջ ենթակառուցվածք, ինչի համար որոշեցինք դիմել ՆՄՀ-ի կողմից անցկացվող մրցույթին, որը մեզ հնարավորություն կտար ընդլայնել մեր լաբորատոր հնարավորությունները և ապահովել գիտնականներին անհրաժեշտ սարքավորումներով։

 – Ո՞րն է լինելու Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի առաքելությունը:

 – Առաջին հերթին նրա առաքելությունը լինելու է ուղեղի հիմնարար հետազոտությունը։ Սակայն բացի այդ, կենտրոնը բժշկագիտության մեջ կդառնա առաջին գիտակրթական կենտրոնը, որտեղ երիտասարդ գիտնականները կունենան հնարավորություն զբաղվելու գիտությամբ և ձեռք բերելու հետազոտական հմտություններ: Բացի այդ այն կամուրջ է հանդիսանալու հիմնարար գիտության, կլինիկական հետազոտությունների և բնական այլ գիտությունների միջև։

– Ովքե՞ր են աշխատելու կենտրոնում:

– Այստեղ աշխատելու են COBRAIN թիմը, մեր ասպիրանտները, ուսանողները և բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են ուղեղի հետազոտություններով։ Մենք բաց ենք համագործակցությունների համար։

 – Ու՞մ հետ եք համագործակցում ՆՄՀ դրամաշնորհի շրջանակներում:

– Ծրագրի շրջանակներում համագործակցում ենք Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի և ՔԵՆԴԼ գիտահետազոտական կենտրոնի հետ, ինչը կընդլայնի մեր ռեսուրսները և հնարավորություն կտա ներգրավելու երիտասարդներ նաև այլ գիտական ինստիտուտներից: 

– Ինչպե՞ս է այն շաղկապվում ԵՊԲՀ COBRAIN ծրագրի հետ:

– Այս երկու ծրագրերը սերտորոն փոխկապակցված են իրար, քանի որ Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն ստեղծում է պայմաններ հետազոտություններ կատարելու համար, մինչդեռ COBRAIN ծրագիրը պատրաստում և կրթում է կադրեր, որոնք հետագայում աշխատելու են այդ կենտրոնում։