SARS-CoV-2 վարակը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, սակայն պատվաստումը, կարծես թե, նվազեցնում է այդ ռիսկը։ Այս մասին են վկայում Լոս Անջելեսի Cedars Sinai բժշկական կենտրոնի հետազոտությունների ։
Համավարակի սկզբնական փուլում COVID-19-ով հիվանդացած անհատների մոտ ավելի բարձր էր դիաբետով հիվանդանալու, արյան բարձր ճնշում և բարձր խոլեստերինի մակարդակ ունենալու հակվածությունը՝ ի տարբերություն այն անհատների, որոնք չէին վարակվել։
Անցյալ տարի հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն մարդկանց մոտ, որոնք վարակվել են COVID-19-ով, 62%-ով ավելի բարձր է 1 կամ 2 տիպի շաքարախտի զարգացման ռիսկը՝ համեմատած ընդհանուր բնակչության հետ:
Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե արդյոք Omicron-ի ավելի քիչ վարակիչ տարբերակները ևս մեծացնում են շաքարախտի և սրտանոթային այլ առողջական խնդիրների առաջացման ռիսկը և արդյոք COVID-19-ի դեմ պատվաստումն ազդում է այս ռիսկի վրա:
Cedars-Sinai բժշկական կենտրոնի սրտաբան Ալան Կվանը և նրա գործընկերները վերլուծել են մեկ և ավելի COVID-19 վարակով 23709 պացիենտի տվյալներ, որոնք բուժվել են Cedars-Sinai առողջապահական համակարգում 2020 թվականի մարտից մինչև 2022 թվականի հունիսը: Խմբի միջին տարիքը 48-ն էր, 54% կազմում էին կանայք, 46%՝ տղամարդիկ:
Ինչպես հաղորդում է -ը, հետազոտողները գնահատել են կարդիոմետաբոլիկ (շաքարախտ, արյան բարձր ճնշում կամ բարձր խոլեստերոլ) և ոչ կարդիոմետաբոլիկ ախտորոշումներով (օրինակ՝ միզուղիների վարակ) հիվանդությունների առաջացման վտանգը, որը տեղի է ունենում 90 օր հետո և վարակից առաջ՝ նկատի ունենալով այնպիսի գործոններ, ինչպիսիք են տարիքը և սեռը: Հաշվի են առնվել նաև վարակի ժամկետները (մինչ Omicron-ը կամ դրա ի հայտ գալուց հետո) և COVID-19 պատվաստման կարգավիճակը։
Մասնագետները պարզել են, որ Omicron վարակից հետո շաքարային դիաբետի ռիսկը զգալիորեն բարձրացել է (հարաբերական ռիսկի 58% աճ): Այնուամենայնիվ, արյան բարձր ճնշման կամ բարձր խոլեստերինի վտանգն էականորեն կապված չէր COVID-19 վարակի հետ:
Նախապես COVID-19-ի դեմ պատվաստում ստացած մարդկանց մոտ վարակվելուց հետո 90 օրվա ընթացքում ավելի քիչ հավանական է եղել դիաբետի զարգացումը՝ համեմատած չպատվաստվածների հետ՝ համապատասխանաբար 7% ընդդեմ 78% ռիսկի աճի:
«Անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ՝ հասկանալու COVID-19-ի հետևանքները սրտանոթային և նյութափոխանակության հիվանդությունների առումով և արդյոք COVID-19-ի պատվաստումը նվազեցնում է այդ հիվանդությունների ռիսկը», – նշում են հետազոտողները:
Կարող ենք ավելացնել նաև, որ շաքարային դիաբետը հանդիսանում է հանրային առողջության հիմնական խնդիրներից մեկը, այդ թվում նաև Հայաստանում: Միայն 2021 թվականին Հայաստանում գրանցվել է շաքարային դիաբետի 10864 նոր դեպք, որը 7,2%-ով ավելի է 2020 թվականի և 24.7%-ով 2015 թվականի ցուցանիշներից: