Քույրական գործի` բժշկական տարբեր կազմակերպությունների մասնագետների մասնակցությամբ վաղ առավոտից ԵՊԲՀ «Հերացի» թիվ մեկ համալսարանական հիվանդանոցում մեկնարկեց SIOP ASIA 15-րդ համաժողովի շրջանակում անցկացվող հերթական քննարկումը:
Աշխարհագրական լայն ընդգրկմամբ քննարկումը Հայաստանից համակարգում էին Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի Բուժքույրական կրթական ծրագրի ղեկավար Մարիա Ալեքսանդրովան և նույն կենտրոնի Մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր, Ուռուցքաբանության, արյունաբանության և պալիատիվ խնամքի բուժքույրերի հայկական խումբը ներկայացնող Վերա Մխիթարյանը:
«Ցանկացած բուժման ժամանակ մենք շեշտը դնում ենք պացիենտի վրա, եթե մենք անում ենք պացիենտակենտրոն խնամք, բուժօգնություն և ուզում ենք լավացնել բուժօգնությունը, ապա անպայման պետք է բարձրացնենք նաև բուժքույրերի գիտելիքների մակարդակը», – նշեց Մարիա Ալեքսանդրովան:
Մայիսի 20-ի քննարկմանը մասնակցող բուժքույրերի մեծ մասը Ռ.Հ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնից էր: Արտերկրի խոսնակների շարքում նաև բժիշկներ կային, որոնք մեծ պատրաստակամությամբ էին մասնակցում միջոցառմանը:
Լիբանանի Ամերիկյան հիվանդանոցի՝ հիվանդների ապահովության և ռիսկերի մենեջմենթի գծով փոխտնօրեն Հերա Արթինյանը ևս զեկուցողների թվում էր։
«Այս աշխատանքին անցնելուց առաջ նաև քույրական կրթություն ունեմ, աշխատել եմ մանկաբուժական բաժանմունքի պատասխանատու: Ուրախությամբ եմ մասնակցում բուժքույրերի համար հրավիրված միջազգային միջոցառմանը»,-հայերեն շեշտեց Լիբանանից ժամանած հայ մասնակիցը:
Նախքան օրակարգի ձևավորումը հարցում էր անցկացվել, և քննարկվող թեմաներն ընտրվել էին ըստ մասնակիցների հետաքրքրության՝ հաշվի առնելով, որ մեծ մասն ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտում է մասնագիտական գործունեություն ծավալում:
Հեմոտրանսֆուզիաների` արյան փոխներարկումների հետ աշխատանքից, ներերակային կատետերիզացումից մինչև բուժառուի և նրա ընտանիքի հետ մոտեցման առանձնահատկություններ, հաղորդակցման հմտություններ քննարկման առանցքում էին:
Վրաստանից, Պակիստանից, Սինգապուրից, Կանադայից, Հնդկաստանից, Պաղեստինից բուժաշխատողների մասնակցությամբ քննարկման ամփոփումը համալսարանական հիվանդանոցում ավարտվելու է աշխատաժողովով, մուլյաժների վրա ցուցադրվելու են տեխնիկական հմտություններ, բուժական գործողություններ: