ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 4-ին հրավիրվել էր գիտական խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի վերաբերյալ գիտխորհրդի անդամների դիտողություններն ու առաջարկությունները:
Նիստին բացի գիտխորհրդի անդամներից, մասնակցում էին նաև ուսանողները, ովքեր ևս թե' կառուցվածքային, թե' բովանդակային փոփոխությունների մասին կիսվեցին իրենց առաջարկություններով և կարծիքներով:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը անդրադառնալով նախագծում արծարծված մի շարք կետերի, նշեց մի շարք առանցքային և սկզբունքային հարցեր: «Մենք համընդհանուր կոնսենսուսով կարծիք պետք է ձևավորենք նախագծի հետ կապված»,-ասաց նա:
Արմեն Մուրադյանը նշեց, որ կարևոր առաջարկություններից է եղել օրենքում բժշկական կրթությունն առանձնացնելը ՝ իր առանձնահատկություններից ելնելով: ԵՊԲՀ ուսանողները ևս ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը՝ անդրադառնալով զեղչային համակարգին, ուսանողական գիտական ընկերությանը և այլ հարցերի:
Նիստի վերջում ԵՊԲՀ գիտխորհուրդը կողմ քվեարկեց առաջարկությունների փաթեթին: