Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գլխի և պարանոցի քաղցկեղ․ «Հայ-գերմանական ուռուցքաբանության դպրոցի 6-րդ հանդիպման» մեկնարկը  

Գլխի և պարանոցի քաղցկեղ․ «Հայ-գերմանական ուռուցքաբանության դպրոցի 6-րդ հանդիպման» մեկնարկը   

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում նոյեմբերի 25-ին մեկնարկեց «Հայ-գերմանական ուռուցքաբանության դպրոցի (ArGOS) 6-րդ հանդիպում»-ը։

Համաժողովի առաջին օրը նվիրված էր գլխի և պարանոցի ուռուցքաբանությանը։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունեց ուռուցքաբանության խնդիրներին նվիրված հայ-գերմանական գիտաժողովը, որը, նրա խոսքով, բարի ավանդույթ է դարձել։ «Արդեն 6-րդ անգամ մենք հավաքվում ենք՝ քննարկելու այս ոլորտի արդի հարցերը։ Այս տարիներին կարող ենք փաստել, որ Հայաստանում վերելք են ապրում ուռուցքաբանության հետ կապված հաջողությունները, և միջազգային դաշտում մեր երկիրը զբաղեցնում է ուրույն տեղ նաև այս համագործակցության շնորհիվ», – ընդգծեց ռեկտորը։

Նրա համոզմամբ՝ 2015 թվականից Մյունստերի համալսարանի հետ համագործակցությունը փաստացի որակական փոփոխություն հաղորդեց ոչ միայն բժշկական համալսարանին, այլև ամբողջ առողջապահական համակարգին՝ հաշվի առնելով, որ հայ մասնագետները լայնորեն ներգրավված էին տարբեր առողջապահական կազմակերպությունների աշխատանքներում։

 «Կարծում եմ, որ նման համագործակցության առանցքում կարող են ընդգրկվել ոչ միայն կայացած մասնագետները, այլև ուսանողները, ռեզիդենտները։ Եվ, անշուշտ, սա որակապես կփոխի այն մտահոգիչ պատկերը, որը տարիներ շարունակ մենք գրանցել ենք Հայաստանում։ Այո, այսօր կարող ենք փաստել, որ բժշկական համալսարանը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ, դարձավ այն առաջատարներից մեկը, որը փոխեց ուռուցքաբանության վերաբերյալ պատկերացումները և արդյունավետությունը, մասնավորապես՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են մորֆոլոգիան, մանկական ուռուցքաբանությունը և մի շարք այլ ուղղություններ, որտեղ գրանցվում են միջազգային մակարդակին համահունչ գործընթացներ», – շեշտեց Արմեն Մուրադյանը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Գերմանիայից ժամանած գործընկերներին։

«Ուզում եմ հատուկ նշել, որ Գերմանիայի Դաշնության ֆինանսների նախարարության կողմից դրամաշնորհային ծրագրով կարողացանք վերապատրաստել երկու մասնագետի, որոնք այսօր հաջողությամբ հանդիսանում են առաջատար մեր հանրապետությունում և արդեն իսկ ձևավորել են իրենց դպրոցները։ Սա նշանակում է, որ այս ծրագիրն իրականում նպաստում է այն բարձր նպատակին, որը դրված էր 2015 թվականին։ Սա դրվագային ծրագիր չէր, սա ինստիտուցիոնալ հարթակ էր, որի արդյունքում մենք կարողացանք ձևավորել մասնագիտական հարթակներ», – արձանագրեց ռեկտորը՝ հույս հայտնելով, որ այն հիվանդները, որոնք ուշի ուշով սպասում են հաջողությունների, հուսախաբ չեն լինելու։

ԵՊԲՀ հրավիրված պրոֆեսոր, Քաղցկեղի կենտրոնի գլխավոր տնօրեն, Հաննովերի բժշկական դպրոցի գիտահետազոտական աշխատանքների գծով պրոֆեսոր Յորգ Հայերը հայ մասնագետներին դիմեց որպես ընկերների, քանի որ  համագործակցությունը շարունակվում է գրեթե 10 տարի։

«2013-2014 թվականներին մենք զգացինք, որ ուռուցքաբանության ոլորտում համագործակցելու զգալի անհրաժեշտություն կա։ Շատ պացիենտներ բուժում էին փնտրում այլ երկրներում։ Գերմանիայի տարբեր նախարարություններ հիմք դրեցին տարբեր ոլորտներում խորը և երկարատև համագործակցությանը, որի շրջանակում մենք կարող ենք սովորել միմյանցից։ Այս տարիների ընթացքում մենք ծանոթացանք ձեր երկրին, մշակույթին և, իհարկե, առողջապահության ոլորտին։ Ուրախ եմ, որ այսօր մենք ընդլայնում ենք փորձի փոխանակման ոլորտները։ Վերջին տարիներին մենք համագործակցել ենք բժիշկների հետ, իսկ վաղը կշարունակենք աշխատել ուռուցքաբանության ոլորտի բուժքույրերի հետ», – հայտնեց գերմանացի պրոֆեսորը։

Ընդհանուր ուռուցքաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի օնկոլոգիայի կլինիկայի ղեկավար Լիլիթ Հարությունյանի փոխանցմամբ՝ Հայ-գերմանական ուռուցքաբանության դպրոցի նպատակներից ամենակարևորը կրթականն է, ինչի շնորհիվ ամեն տարի ուռուցքաբանության տարբեր բնագավառների վերաբերյալ տեղի են ունենում կոնֆերանսներ։

«Այս տարի առաջին անգամ քննարկում ենք գլխի և պարանոցի ուռուցքների ախտորոշումը, բուժումը, ռադիոլոգիան, պաթոլոգիան։ Սա ուռուցքաբանության մեջ հազվադեպ ոլորտ է։ Այդ իսկ պատճառով Հայաստան են հրավիրվել ոչ միայն ճառագայթային ուռուցքաբաններ, պաթոլոգներ, ռադիոլոգներ, այլև դիմածնոտային վիրաբույժներ, որոնք իրականացնում են վիրահատական միջամտություններն այս ուռուցքների դեպքում», – նշեց ոլորտում առաջատար երիտասարդ մասնագետը։

Գիտաժողովի մասնագիտական մասը մեկնարկեց Հաննովերի մանկական հիվանդանոցի ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար Յուրգենս Վայդեմանն զեկույցից, որը տեսակապի միջոցով անդրադարձավ մանկական ուռուցքաբանության ոլորտում ախտորոշման տեսակներին։ Մյունստերի համալսարանական հիվանդանոցի պաթոլոգիայի ինստիտուտի ղեկավար Էվա Վարդելմանը ներկայացրեց  չարորակ ուռուցքների դասակարգումը՝ ըստ ԱՀԿ չափանիշների։ Աախենի համալսարանական հիվանդանոցի մասնագետ Ուդո Քոնթնին անդրադարձավ մանկական նազոֆարինգիալ քաղցկեղի կանխատեսմանը և թերապիայի բարելավմանը։ Ռոստոկի համալսարանական հիվանդանոցի դիմածնոտային կլինիկայի գլխավոր բժիշկ Դանիել Շտրուդերը ներկայացրեց ոլորտի հիմնախնդիրները դիմածնոտային վիրաբուժության տեսանկյունից, Հաննովերի համալսարանական հիվանդանոցի մասնագետ Հանս Քրիստիանսենի զեկույցը վերաբերում էր ռադիոուռուցքաբանությանը, իսկ Գրայֆսվալդի համալսարանական հիվանդանոցի մասնագետ Չիա-Յունգ Բուշն առցանց ներկայացրեց գլխի և պարանոցի քաղցկեղի համակարգային բուժումը։

Համաժողովի առաջին օրը հագեցած էր մեր հանրապետության տարբեր օնկոլոգիական կլինիկաներից վերցված դեպքերի քննարկմամբ։