Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հաղորդակցման հիմունքների կարևորությունը բժշկական օգնություն և սպասարկում մատուցելիս

«Պացիենտ-բուժաշխատող. հաղորդակցման հիմունքները» թեմայով եռօրյա կրեդիտավորված անվճար դասընթացի վերջին օրը «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ավագ և միջին բուժաշխատողների համար դասախոսում էր Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ, Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը։

«Հաղորդակցման հիմունքները բժշկական օգնություն և սպասարկում մատուցելիս» զեկույցի շրջանակում դասընթացների նախաձեռնողն անդրադարձավ հաղորդակցման առանձնահատկություններին և կարևորությանը:

«Վիճակագրությունը մեջբերելով` պետք է նշեմ, որ հիվանդների գրեթե 50 տոկոսը չգիտի իր ճշգրիտ ախտորոշումը», – նկատեց նա`  ընդգծելով այն գաղափարը, որ հաճախ բուժառուների` իրենց հիվանդության մանրամասներին չտիրապետելը հենց բժշկի հետ ճիշտ հաղորդակցման պակասից է գալիս:

Դասախոսության առանցքը հաղորդակցումն էր, որի նպատակն, ըստ դասախոսի, հետևյալն է՝

  • Ձևավորել դրական միջանձնյա հարաբերություններ,
  • Նպաստել տեղեկատվության փոխանակմանը,
  • Ներգրավել պացիենտներին որոշումների ընդունման գործընթացում:

«Ողջամիտ հեռավորությունը և փոխադարձ հարգանքը կարող են ձևավորել միջանձնյա դրական հարաբերություններ` չառաջացնելով հաղորդակցման խնդիրներ», – մանրամասնեց Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Տեղեկատվության ձևակերպումը, արդյունավետ հաղորդակցումը, հաղորդակցման գնահատումը զեկույցի մաս էին:

Անդրադարձ կատարվեց նաև բուժաշխատողների արտաքին կոկիկ տեսքին, հատկապես՝ երիտասարդ բժիշկների շրջանում խոսքին, վարքագծին հետևելուն: 

Եզրափակելով եռօրյա դասախոսությունների շարքը՝ արձանագրվեց, որ առանց հաղորդակցման մարդիկ չեն կարող կայացնել իրենց առողջական վիճակին համահունչ որոշումներ՝ խնդրից առաջ, դրա ընթացքում և հետո:

Հաղորդակցումը պետք է համակարգված լինի պացիենտի հետ շփվող բոլոր

բուժաշխատողների հետ, անհատը պետք է ստանա միասնական տեղեկատվություն իր վիճակի մասին:

Զեկուցումը հագեցած էր հանրային առողջության մասնագետի պրակտիկայից բերվող մեջբերումներով ու հետաքրքիր պատմություններով:

Առաջիկայում հավաստագրված անվճար այս դասընթացները շարունակական կլինեն նաև «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժաշխատողների համար: