Բժշկական համալսարանում անցկացվող «Հակամանրէային կայունություն և վարակի հսկողություն» թեմայով կրեդիտավորված դասընթացի երկրորդ օրը հագեցած էր միջազգային գործընկերների զեկույցներով։
Միջոցառման մասնակիցներին ողջունեց «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը՝ ընդգծելով համագործակցության շարունակականության կարևորությունը։
ՌԴ առողջապահության նախարարության Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ինստիտուտի ներհիվանդանոցային վարակների մոլեկուլյար համաճարակաբանության լաբորատորիայի վարիչ Մարինա Չերնուխան ներկայացրեց «Մուկովիսցիդոզով պացիենտների շրջանում թոքերի քրոնիկ վարակը և հարուցիչների հակաբիոտիկակայունության հիմնախնդիրը» խորագրով զեկույցը։
Ռուս մասնագետը բնորոշեց մուկովիսցիդոզ հիվանդությունը՝ առանձնացնելով դրա առկայության դեպքում թոքերի քրոնիկ վարակների՝ աշխարհում հաճախակի հանդիպող հարուցիչները։ Ելույթի ընթացքում տարբերակվեց առաջնային և ձեռքբերովի հակամանրէային կայունությունը, ներկայացվեցին լաբորատորիայի մշտադիտարկման արդյունքները։
ՌԴ առողջապահության նախարարության Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ինստիտուտի ներհիվանդանոցային վարակների մոլեկուլյար համաճարակաբանության լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Եվգենյա Ցելիկինան անդրադարձավ երեխաների մոտ արտահիվանդանոցային թոքաբորբի համաճարակաբանական և մանրէաբանական բնութագրին և հարուցիչների հակաբիոտիկակայունությանը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր 43 վայրկյանը մեկ աշխարհում թոքաբորբից մահանում է մեկ երեխա։ Բանախոսը դասակարգեց երեխաների շրջանում արտահիվանդանոցային թոքաբորբի հարուցիչները, ինչպես նաև ներկայացրեց դրանց դեղակայունությունը։
Համաճարակաբանության ամբիոնի այցելու պրոֆեսոր, Մեծ Բրիտանիայի առողջապահության գործակալության հակամանրէային և դեղորայքային կայունության դեմ պայքարի խմբի առաջատար կլինիկական ղեկավար Ալիսիա Դեմիրջյանը կիսվեց հակամանրէային կայունության դիտարկման համակարգի ներդրման համաշխարհային փորձով, ներկայացրեց Մեծ Բրիտանիայի հաջողված փորձը և հնարավոր ներդրումը մեր երկրում։ Նրա համոզմամբ՝ այս ոլորտում կարևոր է ռազմավարությունը՝ տեղական և տարածաշրջանային մակարդակներում արդյունավետ աշխատելու համար։ Բրիտանահայ մասնագետը շեշտեց այս ուղղությամբ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, ինչը, նրա խոսքով, երկկողմանի օգուտներ կբերի։
Լոնդոնի Արևմտյան համալսարանի (UWL) կենսաբժշկական գիտությունների դպրոցի մանրէաբանության պրոֆեսոր և հետազոտությունների ղեկավար Հերմինե Մկրտչյանն անդրադարձավ հակամանրէային կայունության կանխարգելման գլոբալ ռազմավարությանը։ Բանախոսը ներկայացրեց միկրոբիոմի ուսումնասիրության ուղղությամբ հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև համաճարակաբանության ամբիոնի հետ երկարատև համագործակցության արդյունքում գրանցված գիտական ձեռքբերումները դեղակայունության ոլորտում։
Լոնդոնի Թագավորական Հոլոուեյի համալսարանի առողջապահության հետազոտությունների բաժնի գլոբալ առողջապահության դասախոս Մահմուդ Էլթhոլթը ներկայացրեց հակամանրէային կայունության հիմնախնդիրն անասնաբուժական ոլորտում, ինչպես նաև սննդի միջոցով տարածվող դեղակայունության գլոբալ հիմնախնդիրը։
ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Ղազարյանը մասնակիցներին ծանոթացրեց Հայաստանում հակամանրէային դեղերի կիրառման մշտադիտարկման համակարգին, իսկ ՀՀ ԱՆ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ, համաճարակաբան Քրիստինա Գյուրջյանը ներկայացրեց մեր երկրում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի և կանխարգելման 2024-2027թթ. ռազմավարական ծրագրի հիմնական մոտեցումները։
Պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված և «Հակամանրէային կայունություն և վարակի հսկողություն» խորագիրը կրող երկօրյա դասընթացը, ինչպես նաև Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի 6-րդ համագումարն ամփոփեցին աշխատանքները՝ նմանատիպ միջոցառումներն ավանդական դարձնելու հստակ մտադրությամբ։