Բնակչության առողջության մասին հոգ տանելու, հետքովիդյան բարդություններն ու այլ հիվանդությունները բուժելու մեծ ցանկությամբ համալսարանական մասնագետները այսօր ևս «Հերացի», «Մուրացան» և «Միքայելան» համալսարանական հիվանդանոցներում առավոտյան ժամը 11:00-ից սկսեցին իրենց աշխատանքը:
Ոչ աշխատանքային օրերին բժիշկների այս ծառայությունն իրականացվում է ԵՊԲՀ «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում:
Ինչպես արդեն նշել ենք, խորհրդատվությունների արդյունքում անհրաժեշտության դեպքում իրականացվում է վիրաբուժական միջամտություն 50% զեղչով, ներառյալ հարվիրահատական հետազոտությունների ամբողջական փաթեթը:
«Հերացի» պոլիկլինիկայի ադմինիստրացիան` ի դեմս ղեկավար Աննա Բալյանի, նախքան քաղաքացիների ընդունելության սկիզբը գործընկերների հետ կազմակերպչական հարցեր քննարկելիս կարևորեց նաև ապագա բժիշկների, սովորողների մասնակցությունը, որոնցից շատերը կամավորական աշխատանքում արդեն իսկ մասնագիտական ու մարդկային որակներով առանձնացան:
Ծրագրի շրջանակում կատարակտա ախտորոշումն ունեցող 27-ամյա Սևակ Մելիքսեթյանին կատարվել է վիրահատություն: Մայրը` Անուշ Մելիքսեթյանը, որն այսօր այլ նեղ մասնագետի մոտ էր եկել, փաստում է` որդու վիրահատությունը և հետվիրահատական ընթացը բարեհաջող են անցնում, տեսողության որակի բարելավն արդեն նկատելի է:
Բժիշկ-գինեկոլոգ Իդա Նավասարդյանը նշեց, որ իր հիմնական այցելուները միջին տարիքի կանայք են: Դիմում են գինեկոլոգիական ամենատարբեր խնդիրներով:
Նախաձեռնության մեկնարկից ի վեր բոլոր շաբաթ օրերին կանանց խորհրդատվություն տրամադրած բժիշկը նշում է, որ նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ քաղաքացիները վստահում են համալսարանական մասնագետներին, գնահատում են որակյալ բուժօգնություն ստանալու այս եզակի հնարավորությունը:
Գինեկոլոգի դիմած ծրագրի շատ շահառուների տրվում է ուլտրաձայնագին հետազոտություն կատարելու ցուցում:
Ռադիոլոգիայի կենտրոնի սոնոգրաֆիայի բժիշկներ Անահիտ Էլչակյանը և Արմինե Մինասյանն այս շաբաթների ընթացքում արդեն 22 պացիենտի են հետազոտել:
Սոնոգրաֆիայի կաբինեում նախաձեռնության շրջանակում հիմնականում կատարվել են որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների, վահանագեղձի կրձքագեղձի, կրծքագեղձի, հոդերի, փափուկ հյուսվածքների հետազոտություններ:
Բժշկական մեկդարյա պատմություն ունեցող համալսարանում իրականացվող «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ +374 10 58 07 24
«Մուրացան» հիվանդանոցային համալիր՝ +374 91 16 20 00 (միայն երեխաների առողջությանը վերաբերող հարցերով)
«Միքայելան» վիրաբուժության ինստիտուտ՝ +374 41 60 01 45
Ձեր հարցերը նաև կարող եք ուղարկել clinics@ysmu.am էլեկտրոնային հասցեին: