Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համալսարանական մասնագետի զեկույցը` APASL-2024 հեղինակավոր գիտաժողովին

Համալսարանական մասնագետի զեկույցը` APASL-2024 հեղինակավոր գիտաժողովին

Ճապոնիայի Կիոտո քաղաքում այս տարվա մարտի 27-31-ը տեղի ունեցավ Լյարդի ուսումնասիրության ասիական-խաղաղօվկիանոսյան ասոցիացիայի (APASL-The Asian Pacific Association for the Study of the Liver) 33-րդ գիտաժողովը։

Տարածաշրջանի առաջատար լյարդաբանների (հեպատոլոգների)՝ տարեկան 1 անգամ անցկացվող հեղինակավոր հանդիպմանը մասնակցում էին նաև հայ մասնագետները՝ ի դեմս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Վահե Ազատյանի և «Երևան» բժշկագիտական կենտրոնի գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ծառայության ղեկավար Հասմիկ Ղազինյանի։

Համալսարանական մասնագետը գիտաժողովի ընթացքում հանդես եկավ բանավոր զեկույցով՝ «Բերանի խոռոչի կլինիկամորֆոլոգիական փոփոխությունները հեպատիտ C-ով պացիենտների մոտ» խորագրով, և պաստառային զեկույցով՝ «Բերանի խոռոչի կլինիկամորֆոլոգիական փոփոխությունները հեպատիտ B-ով պացիենտների մոտ» խորագրով:

Վահե Ազատյանի ներկայացրած բանավոր զեկույցի համահեղինակներն են ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, Ստոմատոլոգիական գիտակրթական թիվ 1 կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Լազար Եսայանը, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ Վիգեն Ասոյանը և նույն ամբիոնի դոցենտ Մելանյա Շմավոնյանը։

Գիտաժողովի մասնակիցները շատ տպավորված էին զեկույցով և փաստեցին, որ Վահե Ազատյանը, լինելով ստոմատոլոգ և ներկայանալով լյարդաբանների գիտաժողովին, աշխարհի քիչ բժիշկ-ստոմատոլոգներից է, որն ուսումնասիրում է վիրուսային հեպատիտով և ՄԻԱՎ-ով վարակված պացիենտների բերանի խոռոչի լորձաթաղանթի և պարօդոնտի փոփոխությունները։

Միջոցառման ավարտին բանավոր զեկույցի համահեղինակներին շնորհվեցին մասնակցության հավաստագրեր։

Նշենք, որ համալսարանական մասնագետների երկու զեկույցն էլ աբստրակտի տեսքով տպագրվել է “Hepatology International” ազդեցության բարձր գործակից ունեցող միջազգային ամսագրում։