Փետրվարի 15-ի՝ Քաղցկեղ ունեցող երեխաների միջազգային օրն է:
Մանկական քաղցկեղի օրվա՝ 2023 թվականի թեման է «Նրանց ձեռքերով»։
Ուշադրության կենտրոնում են ընտանիքները և խնամակալները, որոնք դրական ազդեցություն են ունենում քաղցկեղով հիվանդ երեխաների և դեռահասների կյանքի վրա:
ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, Գևորգ Թամամյանի փոխանցմամբ` Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 80–100 նոր դեպք: Տարածվածությամբ առաջին տեղը զբաղեցնում են լեյկեմիաները, այնուհետև՝ գլխուղեղի ուռուցքները, լիմֆոմաները, ոսկրային ուռուցքները, նեյրոբլաստոման և այլն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում այսօր առողջանում է քաղցկեղով հիվանդ երեխաների 80%-ը, այսինքն՝ 5 հիվանդից 4-ն առողջանում է, իսկ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում առողջանում է երեխաների միջինում 20%-ը, այսինքն՝ 5 հիվանդից 1-ը:
Հայաստանը, լինելով ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների շարքում, մանկական ուռուցքաբանության տվյալներով մոտ է զարգացած երկրներին: Ըստ մեր արդյունքների՝ մեր երկրում առողջանում է քաղցկեղով հիվանդ երեխաների 70–75%-ը:
«Սա, առաջին հերթին, մեր ուսուցիչների՝ ավագ սերնդի տասնամյակների կատարած աշխատանքի և բարեգործական հիմնադրամների աջակցության արդյունք է: Իհարկե, կարծում եմ՝ մեր երկրի համար, արդյունքները տպավորիչ են, սակայն դեռևս հսկայական աշխատանք կա իրականացնելու: Կուզեի ավելացնել, որ վերջին տարում մանկական ուռուցքաբանության ոլորտի պետական ֆինանսավորումը մոտ կրկնակի ավելացել է, ինչը նշանակալի ձեռքբերում է և թույլ է տալիս էլ ավելի մեծ ծավալով զարգացում ապահովել»,- ասում է Գևորգ Թամամյանը` ընդգծելով, որ չպետք է կանգ առնենք որևէ ձեռքբերման վրա, այլ փոխարենը առաջ շարժվենք նպաստելով նոր կյանքերի փրկությանը:
Վերջին տարիներին մեր երկրում գրանցած հաջողություններին անդրադառնալիս պետք է ընդգծենք Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի կազմավորումը, որն արդյունք էր Հայաստանում գործող բոլոր մանկական արյունաբանական և ուռուցքաբանական բաժանմունքների միավորման և որի շնորհիվ հնարավոր եղավ ուժերը համատեղել՝ է՛լ ավելի արդյունավետ աշխատելով:
Մինչ այդ գործում էին երեք բաժիններ՝ Արյունաբանական կենտրոնում, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում:
2019թ. կայացվեց ռազմավարական նշանակության որոշում՝ Արյունաբանական կենտրոնի բազայի վրա, որը վերանորոգվել էր 2016թ., միավորել այդ բոլոր բաժանմունքները:
Այսօր ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի ստեղծմամբ Հայաստանում պատրաստվում են մանկական ուռուցքաբան-արյունաբաններ, որոնք համագործացելով արտերկրի հեղինակավոր առողջապահական կազմակերպությունների հետ, վերապատրաստվելով իրենց կարևոր նպաստն են բերում քաղցկեղ ունեցող երեխաների արդյունավետ բուժման անչափ շնորհակալ գործում:
Ոլորտում խնդիրները քննարկելու և փորձի փոխանակման տեսակետից կարևոր է նշել, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն այս տարի մայիսի երկրորդ կեսին հյուրընկալելու է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական (SIOP) 15-րդ համաժողովը։
Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունը միակ մուլտիդիսցիպլինար կազմակերպությունն է աշխարհում, որն ամբողջությամբ նվիրված է մանկական և դեռահասների քաղցկեղի բոլոր ասպեկտների ուսումնասիրությանն ու բուժմանը, այդ ոլորտում գիտելիքների ավելացմանը:
Մանկական ուռուցքաբանության միջազգային միության՝ SIOP-ի տեսլականն է․ «Ոչ մի երեխա չպետք է մահանա քաղցկեղից»: