Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համավարակի առաջին օրերից ապագա բժիշկն առաջնագծում է՝ հիվանդների կողքին

Համավարակի առաջին օրերից ապագա բժիշկն առաջնագծում է՝ հիվանդների կողքին

Տիգրան Համբարձումյանը 2015 թվականին ընդունվել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետ:  Արդեն մոտ մեկ տարի որպես բուժակ աշխատում է շտապ օգնության ծառայությունում, ինչպես նաև Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում,  որը COVID-19-ի դեմ պայքարի օրերին պացիենտների բուժման նպատակով վերապրոֆիլավորվել է որպես ինֆեկցիոն հիվանդանոց:

ԵՊԲՀ սովորողի ընտանիքում բոլորը բժիշկներ են. մայրը, հայրը, եղբայրը: Մանուկ հասակից նա առնչվել է բժշկության հետ և երբեք իրեն այլ մասնագիտության մեջ չի պատկերացրել:

«Որոշեցի բժիշկ դառնալ և շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Սիրում եմ օգնել մարդկանց և այդ պատճառով որոշեցի  համավարակի այս բարդ օրերին լինել առաջնագծում և հնարավորությունների սահմանում օգնություն ցուցաբերել մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն: Ստիպողաբար չեմ աշխատում, ինքս եմ կայացրել այդ որոշումը  և ավելի ու ավելի եմ համոզվում,  որ չեմ սխալվել ընտրած մասնագիտության մեջ»,- ասում է Տիգրանը:

Հերթապահում է գրեթե երկու օրը մեկ, աշխատանքը ծավալուն է, բայց խոստովանում է՝ երբ տեսնում է կատարած գործի արդյունքը,  ոգևորվում է ու շարժվում առաջ:

 «Անկախ ամեն ինչից պետք է սիրել աշխատանքը,  հաճույքով անել այն և այդ ժամանակ ամեն ինչ կստացվի»,- նկատում է ապագա բժիշկը:

Բնական է, որ ձգտում է շատ զգույշ լինել, որ չվարակվի աշխատանքի բերումով և չվարակի նաև հարազատներին: Հույս ունի, որ շուտով պանդեմիան կավարտվի և որևէ մեկին այլևս վտանգ չի սպառնա, և մարդիկ նորից կվերադառնան բնականոն կյանքին:

Երիտասարդը կարծում է, որ երբեք չի փոշմանելու այս ճանապարհն անցնելու համար, որովհետև շատ բան է հասցրել սովորել մի քանի ամիսների ընթացքում և շարունակում է սովորել, որը ապագայում իրեն պետք կգա նեղ մասնագիտական ոլորտում:  Նրա խոսքով՝ ամենակարևորը աշխատանքը սիրելն է:

Ընդգծում է, որ հպարտանում է բոլոր ընկերներով, որոնք գնացել են այդ պատասխանատու քայլին և, հրաժարվելով շատ բաներից, գիշեր-ցերեկ հիվանդների կողքին են  և պատվով են կատարում իրենց աշխատանքը.

Առաջիկայում Ընդհանուր բժշկության ֆակուլտետի արդեն 6-րդ կուրսի ուսանող Տիգրան Համբարձումյանը պատրաստվում է մասնագիտանալ  միկրովիրաբուժության ոլորտում: Դպրոցական հասակից այցելելով տարբեր հիվանդանոցներ, վիրահատարաններ, շփվելով շատ բժիշկների հետ ի սկզբանե որոշել էր, որ պետք է վիրաբույժ դառնա:

Իսկ առաջին կուրսից սկսած հերթապահել է, մասնակցել վիրահատությունների, ինչը նպաստել է, ընտրել միկրովիրաբուժությունը որպես մասնագիտացում, մի բնագավառ, որի միջոցով, ապագա բժշկի գնահատմամբ, տարբեր ծանրության վնասվածքներից վերականգնելուց բացի, հնարավոր է  նաև ապահովել արտաքին էսթետիկ տեսք: