Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հանրային առողջապահությունն այլ մտածելակերպ է. բաց դռների օր՝ մագիստրոսական ծրագրերի վերաբերյալ

Հանրային առողջապահությունն այլ մտածելակերպ է.  բաց դռների օր՝  մագիստրոսական ծրագրերի վերաբերյալ

ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը կազմակերպել էր բաց դռների օր՝ հանրային առողջապահական մագիստրոսական ծրագրերի վերաբերյալ:

Ողջունելով ներկաներին, Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը ներկայացրեց ծրագրի մանրամասները:

«Ֆակուլտետում գործում են մի քանի մագիստրոսական ծրագրեր. առողջապահության կազմակերպում և կառավարում, համաճարակաբանություն և շրջակա միջավայրի հիգիենա: Բացի մագիստրոսական ծրագրերից ունենք նաև բիզնես վարչարարության ծրագիրը, որը վերաբերում է նրանց, ովքեր ունեն աշխատանքային փորձ: Մեր ծրագրին կարող են դիմել ինչպես բժիշկները, այնպես էլ ցանկացած մասնագիտություն ունեցող անձիք»,-նշեց նա:

Դեկանը խոսեց նաև ծրագրի առաքելության ու տեսլականի մասին՝ մանրամասնելով, թե ինչ է նշանակում որակավորումը, ինչ հնարավորություններ կարող են ձեռք բերել շրջանավարտները և ինչ ոլորտներում կարող են պաշտոններ զբաղեցնել, ինչ կառուցվածք և տևողություն ունեն հանրային առողջապահական ծրագրերը, որոնք են դիմելու պահանջները, ընթացակարգերը և վերջնաժամկետները և այլ մանրամասներ:

Այնուհետև մասնակիցների հետ իրենց փորձով կիսվեցին  հանրային առողջապահական մագիստրոսական ծրագրի դասախոսները՝ խոսելով իրենց անցած ուղու մասին:

«Բժշկական համալսարանի տվյալ կուրսը ոչնչով չի զիջում արտերկրի կուրսերից: Ամեն երկրում չկան այսպիսի մատչելի և բարձր որակի կուրսը, որը ձեզ տալիս է մագիստրոսի դիպլոմ: Ծրագրի այս խտացված տարբերակը մոտ է միջազգային մակարդակին»,-կարծիք հայտնեց հանրային առողջապահական մագիստրոսական ծրագրի դասախոսներից Մարտին Ալեքսանյանը, որը մասնագիտությամբ իրավաբան է: 

Կլինիկական հոգեբան Մարիետա Խուրշուդյանը, որը ևս ծրագրի դասախոսներից է, մեծ ոգևորությամբ ներկայացրեց մի շարք առավելություններ, ինչը տալիս են մագիստրոսական գիտելիքները:

«Իմ ներսում այս մասնագիտությունն անվանել եմ կյանքի մասնագիտություն, ինչու՞, որովհետև շատ յուրահատուկ հմտություններ է տալիս: Այս մասնագիտությունն իսկապես ձևավորում է կառավարչի, լավ մենեջերի մտածողություն: Այն մտածողություն փոխող մասնագիտություն է, որը սովորելուց հետո մոտեցումը կյանքի խնդիրների լուծումներին միանշանակ փոխվելու է»,-ասաց դասախոսը:

Ներկաների հետ իրենց մասնագիտական հաջողություններով և փորձով կիսվեցին տարբեր տարիների ընթացքում ֆակուլտետի շրջանավարտները՝ ընդգծելով, որ հանրային առողջապահությունն այլ մտածելակերպ է, և  ծրագիրն ավարտած մարդիկ այլ կերպ են մտածում՝ լավ հասկանալով միմյանց: