Հանրային առողջություն և առողջապահություն՝ առողջապահության կազմակերպում և կառավարում մասնագիտությամբ մագիստրոսներն այսօր ստացան ավարտական դիպլոմները: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորելով մագիստրոսական ծրագրի շրջանավարտներին հաջողություններ մաղթեց:
«Այսօր հիշարժան օր է, դուք ավարտում եք Երևանի պետական բժշկական համալսարանի համապատասխան դասընթացները, որոնք մեծ հնարավորություններ կտան ձեզ: Համոզված եմ՝ թե՛ տեսական, թե՛ կիրառական, պրակտիկ գիտելիքները ի նպաստ կլինեն առողջապահական համակարգին: Ինչ վերաբերվում է ձեր փոխադարձ հարաբերություններին՝ պատմությունը գիտի այնպիսի դեպքեր, երբ ընկերությունը՝ ստեղծված ուսումնական տարիներին, հետագայում ձևավորում է ամուր, մարդկային փոխհարաբերություններ և ամրապնդում այն համակարգերը, որտեղ այդ մարդիկ աշխատում են` նպաստելով, իհարկե, մարդու առողջության պահպանմանը»,-ընդգծեց բուհի ղեկավարը:
Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը շրջանավարտներին մաղթեց, որպեսզի ստացած գիտելիքները ծառայեն իրենց նպատակին՝ հանրային առողջապահության զարգացմանը, ինչպես նաև կարևորեց բժշկական բուհի հետ շարունակական և ամուր կապը:
Ֆակուլտետի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ Ստեփան Աթոյանը ևս միացավ բոլոր շնորհավորանքներին՝ սրտանց մաղթելով մասնագիտական աճ և զարգացում.
«Կարևորելով ձեր մասնագիտությունը՝ ընտրել եք նաև երկրորդը, գիտակցված ընտրություն եք կատարել: Արդեն ձեզ ճանաչելով համոզված եմ, որ կգտնեք ձեր տեղը այս ոլորտում, հանրային առողջապահությունը լայն ասպարեզ է և մեծ հնարավորություններ է տալիս»:
Մագիստրոսական ծրագրի շրջանավարտ, մասնագիտությամբ դեղագետ Քնարիկ Բարսեղյանը շեշտեց, որ ստացել է բարձր որակով կրթություն, ձեռք է բերել կառավարման հմտություններ:
«Իմ մոտիվացիան հանրային առողջության ոլորտ գալու հակամանրէային կայունության ուսումնասիրությունն է եղել: Հասկանում էի, որ ինձ հետաքրքրող հարցերի լուծման գլխավոր հերոսները հանրային առողջության մասնագետներն են: Շատ մեծ ցանկություն ունեմ աշխատել հակամանրէային կայունության դեմ պայքարի թիմում: Հուսով եմ՝ այն ինչի համար եկել եմ այստեղ հասնելու եմ դրան»,-շեշտեց շրջանավարտը: