Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Արտասահմանցի ուսանողները մշտապես ուշադրության կենտրոնում են

Արտասահմանցի ուսանողները մշտապես ուշադրության կենտրոնում են

Օտաերկրացիների ուսուցման դեկանատն այսօր իր շուրջն է համախմբում շուրջ 1700 արտասահմանցի ուսանողի։ ԵՊԲՀ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական ու դեղագիտական ֆակուլտետներում օտարերկրացիների ուսուցումը կազմակերպվում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Առաջին արտասահմանցի ուսանողները եղել են սփյուռքահայերը՝ Սիրիայից, Լիբանանից, Հորդանանից, Եթովպիայից, Իրանից, Իրաքից, Կիպրոսից, Հունաստանից և Բուլղարիայից: ԵՊԲՀ-ն 60 տարուց ավելի կրթում ու բժիշկներ է պատրաստում այլ երկրների համար։ Բուհում այժմ բժշկի մասնագիտություն են ստանում ուսանողներ աշխարհի 32 երկրներից։ Միջազգայնացման գործընթացը բժշկական համալսարանի համար շարունակում է մնալ որպես գլխավոր նպատակ, ինչին հասնելու համար տարեցտարի նոր նախադրյալներ են ստեղծվում:  

Օտարերկրացիների ուսուցման դեկանատի նորընտիր դեկան Գայանե Ավետիսյանի հետ զրուցել ենք արտասահմանցի ուսանողներին առնչվող հարցերի՝ կրթության, դեկանատի դերի և նրանց հետ աշխատանքների վերաբերյալ։

Երբ խոսվում է համալսարանի հաջողությունների մասին, պարտադիր նշվում է օտարերկրացի ուսանողների թիվը, որը տարեցտարի աճում է: Ինչու՞ են ընտրում Հայաստանը, հատկապես՝ ԵՊԲՀն:

Արտասահմանցի ուսանողների համար Հայաստանն ապահով երկիր է։ ԵՊԲՀ-ն 100-ամյա պատմություն ունի և իր մեկդարյա գործունեության ընթացքում հազարավոր բժիշկներ է պատրաստել, ովքեր իրենց գործունեությունը շարունակել են Հայաստանից դուրս և լուրջ արդյունքներ գրանցել: ԵՊԲՀ-ի համբավը, տված կրթությունը, գրանցած հաջողությունները հիմք են, որպեսզի օտարերկրացի ուսանողները նախընտրեն Հայաստանը՝ ԵՊԲՀ-ն:

Որո՞նք են օտարերկրացիների ուսուցման առանձնահատկությունները: Ինչպե՞ս է իրականացվում ուսուցումը:

Ուսումնառությունը կազմակերպվում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Շատ կարևոր է արտասահմանցի ուսանողների հետ հետադարձ կապի ստեղծումն ու պահպանումը, քանի որ գոյություն ունի լեզվի, կրոնի մշակույթի տարբերություն: Այս պարագայում էական է նաև դասախոսների դերը: Նրանք պետք է լինեն փորձառու, կարողանան հավասարապես շփվել տարբեր ազգերի ու կրոնների ուսանողների հետ: Օտարերկրացիների ուսուցումը համալսարանում իրականացվում է բարձրագույն բժշկական կրթության պետական և միջազգային չափորոշիչներով:

Ո՞ր երկրներից են ամենաշատ ուսանողները և ո՞ր ֆակուլտետներն են նախընտրում:

Այսօր գերակշռում են հնդիկ ուսանողները, որոնք հիմնականում ընտրում են ընդհանուր բժշկության ֆակուլտետը: Իրանցի ուսանողները նախընտրում են ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետները: Ունենք նաև ուսանողներ Հորդանանից,  Սիրիայից, Լիբանանից, ԱՊՀ երկրներից, Վրաստանից, ԱՄՆից՝  ներառյալ սփյուռքի հայազգի ուսանողները:

Ի՞նչ խնդիրներ են ունենում օտարերկրացի ուսանողները և ինչպե՞ս են ինտեգրվում: Որո՞նք են դեկանատի հիմնական գործառույթները:

Արտասահմանցի ուսանողներին վերաբերող խնդիրները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են: Քանի որ նրանք մեր երկրում ապրում են առանց ծնողների, հետևաբար, նույնիսկ նրանց անձնական խնդիրները, մեր հսկողության տակ են: Լինում են նաև ընթացիկ խնդիրներ՝ կապված ուսումնառության հետ։

Դեկանատն աջակցում է օտարերկրյա ուսանողների ինտեգրմանը ներբուհական ուսանողական միջավայրին, իրականացնում է ծնողական հոգատարություն: Օտարերկրյա ուսանողներն ակտիվորեն մասնակցում են համալսարանի գիտական, կրթական, մշակութային և այլ միջոցառումներին:

Նրանք բավականին ակտիվ են։ Օրինակ՝ հնդիկ, իրանցի ուսանողները, սովորաբար, նշում են ազգային տոները՝ մշակութային միջոցառումներին հաղորդակից դարձնելով նաև տեղացի ուսանողներին: Դեկանատը սիրով ու պատրաստակամությամբ աջակցում է օտարերկրյա ուսանողներին՝ ազգային և կրոնական տոներին նվիրված հանդիսությունների կազմակերպման համար:

Մենք նախատեսում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որ մեր արտասահմանցի ուսանողները հնարավորություն ունենան ծանոթանալ նաև Հայաստանին, մեր պատմամշակութային վայրերին ու արժեքներին:

Դեկանատը ծավալում է ուսումնամեթոդական, գիտական, կազմակերպչական և այլ գործունեություն, համակարգում է ամբիոնների և ուսանողների հետ տարվող ամենօրյա աշխատանքները։

Ի՞նչ քայլեր են արվում օտարերկրացի ուսանողների թիվն ավելացնելու համար:

-Արտասահմանցի ուսանողների հոսքը մեծացնելու նպատակով՝ պետք է շարունակ բարելավել կրթության որակը, ավելացնել ու օգտագործել ուսուցման տեխնիկական արդի միջոցներ, ժամանակակից մասնագիտական գրականություն: Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ կլինիկական առարկաներ: Հատուկ ուշադրություն ենք դարձնում համալսարանի սիմուլյացիոն կենտրոնում, համալսարանական կլինիկաներում ու լաբորատորիաներում ուսանողների գործնական հմտությունների ձեռքբերմանը: Եթե շրջանավարտները ձեռք բերեն բարձր գիտելիքներ, գործնական հմտություններ, և բուհի տված կրթությունից բավարարված հեռանան, ապա ավելի շատ նոր ուսանողներ կունենանք հետագայում, քանի որ ԵՊԲՀ-ի արտասահմանցի ուսանողները մեր դեսպաններն են այլ երկրներում:

-Ինչպե՞ս կգնահատեք օտարերկրացի ուսանողների առաջադիմությունը: Ավարտելուց և իրենց երկիր վերադառնալուց հետո շարունակու՞մ են մասնագիտական գործունեությունը:

-Առաջադիմությունը բավականին բարձր է անգլալեզու ուսանողների շրջանում: Արտասահմացի ուսանողներն իրենց երկրներում հաջողությամբ հանձնում են լիցենզիոն քննություններն ու շարունակում մասնագիտական գործունեությունը: Մենք մշտապես պահպանում ենք կապը շրջանավարտների հետ, տեղեկանում ենք նրանց հաջողությունների մասին ու հպարտանում։

Դուք ինչպե՞ս եք ընտրել մասնագիտությունը:

Բժիշկ դառնալու մասին երազել եմ մանկուց, իմ բոլոր խաղերն ու խաղալիքները կապված էին բժշկի մասնագիտության հետ: ԵՊԲՀ-ում սովորել եմ 1988-1994 թվականներին՝ Հայաստանի համար ամենածանր տարիներին՝ ընտրելով ընդհանուր վիրաբույժի մասնագիտությունը: Սովորելուն զուգահեռ հերթապահում էի հիվանդանոցում և այդ տարիներին շատ եմ տեսել կտրած-ծակած, հրազենային վիրավորումներով դեպքեր: Սովորել ու աշխատել եմ մեծ սիրով: Արդեն 21 տարի է դասավանդում եմ համալսարանում: Բժիշկ ու դասախոս լինելն ինձ համար հավասարազոր սիրելի մասնագիտություններ են: Յուրաքանչյուր դասախոս պարտավոր է սեր առաջացնել իր առարկայի հանդեպ: Սեփական փորձից կարող եմ ասել՝ դասախոսի ճիշտ մոտեցման դեպքում, ուսուցումն ավելի արդյունավետ է լինում:

-Որպես նորընտիր դեկան՝ ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում:

-Իմ տեսլականի համաձայն՝ ես աշխատանքը բաժանել եմ երեք մասի՝ աշխատանք ուսանողների հետ, աշխատանք ամբիոնների հետ և արտալսարանային աշխատանք: Ուսանողները պետք է հասկանան, որ դեկանատն իրենց տունն է և ցանկացած հարց մշտապես մեր ուշադրության կենտրոնում է: Նախատեսում ենք ստեղծել ակտիվ ուսանողների խմբեր (հնդիկ, իրանցի, հայազգի)՝ իրենց ավագներով, ովքեր մշտապես կպահեն կապը ուսանողության և դեկանատի միջև: Ամբիոնների հետ պարբերաբար տարվող աշխատանքների շնորհիվ կծանոթանանք ուսանողների ուսման ընթացքին, կտեղեկանանք ուսանողների դրսևորած առաջադիմության ու կարգապահության մասին, և եթե լինեն խնդրահարույց հարցեր, ամբիոնի հետ միասին համապատասխան լուծում կգտնենք, որպեսզի ապահովենք պատշաճ առաջադիմություն: Արտալսարանային աշխատանքների արդյունքում կայցելենք հանրակացարաններ՝ հնարավորություն ունենալով ծանոթանալ ուսանողների կենցաղի հետ, ինչպես նաև կազմակերպել տարբեր միջոցառումներ՝ արտասահմանցի ուսանողներին ավելի համախմբելու և մոտիվացնելու համար:

 

Հարցազրույցը՝ Մարգարիտա Մխիթարյանի

Լուսանկարները՝ Գայանե Ավետիսյանի անձնական արխիվից և Կարեն Սերոբյանի