Հիպոկրատի երդումից 20 տարի անց. նախկին շրջանավարտների հանդիպումը՝ մայր բուհում

Հիպոկրատի երդումից 20 տարի անց. նախկին շրջանավարտների հանդիպումը՝ մայր բուհում

Բժշկական համալսարանը հերթական անգամ դարձավ ջերմ ու հուզիչ հանդիպման վայր՝ համախմբելով նախկին համակուրսեցիներին։ Մայր բուհի հետ իրենց կապը պահպանած շրջանավարտները վերադարձել էին այն կրթօջախ, որտեղ ձևավորվել էին ոչ միայն որպես բժիշկներ, այլև որպես անհատներ։

2006 թվականի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի շրջանավարտները 20 տարի անց հավաքվել էին բժշկական մայր բուհում։ Տարիների ընթացքում մասնագիտական տարբեր ուղիներ անցած, տարբեր ոլորտներում կայացած և հաջողությունների հասած բժիշկները վերհիշեցին ուսանողական տարիները, հիշարժան և զվարճալի պատմություններով կիսվեցին միմյանց հետ: Նրանք շնորհակալությամբ հիշեցին իրենց դասախոսներին, ովքեր կարևոր դեր են ունեցել մասնագիտական կայացման գործում։

«Սիրելի՛ շրջանավարտներ, անվանի բժիշկներ, մեր համալսարանի համար շատ կարևոր և սպասված հանդիպում է: Առհասարակ յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր մեծ կրթօջախ պատիվ է համարում ընդունել իր զավակներին, շրջավարտներին, կայացած տեսնել նրանց: Բժշկական մայր բուհն իր հարյուրամյա պատմության մեջ կարողացել է մեր ժողովրդին մատուցել բացառիկ ծառայություն. պատրաստել մարդկանց, ովքեր օրուգիշեր կանգնած են մեր ժողովրդի առողջության պատասխանատվության առանցքում: Ես սրտանց ձեզ ողջունում եմ՝ հպարտությամբ ասելով, որ ձեզնից մեկն եմ, հանդիսանում եմ այս բուհի շրջանավարտը: Վերջին տարիներին բուհը արձանագրում է կտրուկ փոփոխություններ միջազգայնացման դաշտում, դուք գիտեք, որ եզակի բուհ է, որն այսօր հավատարմագրվել է միջազգային ասպարեզում: Սա նշանակում է՝ համալսարանը, որը դուք ավարտել եք, դադարել է ունենալ միայն տարածաշրջանային նշանակություն: Մայր բուհը մշտապես պատրաստ է ձեզ ընդունել, բոլոր ձեր նախաձեռնողական մղումներով, բոլոր ձեր հաջողություններով, դժվարություններով, ձեր գիտական նկրտումներով»,-ողջունելով նախկին շրջանավարտներին նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Արմեն Գասպարյանը, ով ևս շրջանավարտների թվում էր շեշտեց. «20 տարի առաջ այս նույն օրը մենք երազանքներով լի տվեցինք Հիպոկրատի երդում, և հիմա, նայելով այդ 20 տարվա ճանապարհին, ես ինձ հպարտ եմ զգում, որովհետև բոլորս այդ կոչումը բարձր պահել ենք: Ինձ երբ հարցնում են՝ ո՞ր թվականին ես ավարտել համալսարանը, հպարտությամբ ասում եմ 2006-ին, ինչու հպարտությամբ, որովհետև ես հպարտանում եմ իմ կուրսով: Իմ կուրսը տվել է բարձր որակի առաջատար բժիշկներ, մասնագետներ, առողջապահության կազմակերպիչներ: Սա միայն մասնագիտություն չէ, այլ կոչում»:

Նրա խոսքով՝ երկու տասնամյակը միայն ժամանակագրություն չէ, այլ բազմաթիվ անքուն գիշերներ, բուժված և երախտագետ պացիենտներ:

«Հանդիսանալով հոգաբարձուների խորհրդի անդամ՝ տեսնում եմ օրուգիշեր ինչպես է կրթական աշխատանքով բուհը առաջ տանում, զարգանում և արդիականացվում: Խորին շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար, շնորհակալություն եմ հայտնում բոլոր դասախոսներին, ովքեր մեզ կրթել են»,-ասաց նա:

Հավելենք, որ նման հանդիպումները բուհում դարձել են գեղեցիկ և շարունակական ավանդույթ՝ հնարավորություն տալով տարբեր սերունդների շրջանավարտներին համախմբվել, վերհիշել ուսանողական տարիները, ամրապնդել մասնագիտական և ընկերական կապերը: