Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Էմմանուել Ղանդիլյանն առողջության մասին ստացած գիտելիքները ներդնելով կյանքում՝ սկսել է ապրել ավելի առողջ

Էմմանուել Ղանդիլյանն առողջության մասին ստացած գիտելիքները ներդնելով կյանքում՝ սկսել է ապրել ավելի առողջ

100-ամյա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը տարիներ շարունակ իր շուրջ է համախմբել շնորհալի սովորողների, որոնք ոչ միայն կրթական, այլև հասարակական ակտիվություն են ցուցաբերում: ԵՊԲՀ ուսանողական գիտական ընկերության նախկին նախագահ Էմմանուել Ղանդիլյանը  2019-2020 թթ. ուսումնական տարվա շրջանավարտ է:  Դեռ դպրոցից ու ուսանողական տարիներից ակտիվությամբ աչքի ընկնող երիտասարդ մասնագետը պատմել է բժշկական բուհում սովորելու տարիների և առաջիկա ծրագրերի մասին:

-Կպատմե՞ք Ձեր, ինչպես նաև ԵՊԲՀում ուսումնառության մասին:

-Ես ծնվել եմ Գյումրի քաղաքում։ Փոքր տարիքից մտածել եմ բժիշկ դառնալու մասին, իսկ դպրոցական տարիներին լավ սովորելու հետ՝ ավելի խորն եմ ուսումնասիրել բնագիտական առարկաները, մասնակցել և պատվավոր հորիզոնականներ եմ զբաղեցրել հանրապետական առարկայական օլիմպիադաներում։ Դրանք, իհարկե, շատ օգնեցին համալսարանում սովորելու տարիներին։
Ինձ համար բժշկական համալսարանում ուսումնառության տարիները նոր մարտահրավեր էին։ Բժշակականում սովորելը ինձ տվեց ավելին քան միայն գիտելիքները. ճանաչեցի այնպիսի մարդկանց, ովքեր բեկումնային դեր ունեցան իմ կյանքում, գտա լավ ընկերներ, դարձա ավելի բաց և շփվող, առաջին հերթին ճանաչեցի ինքս ինձ և ստացա այնպիսի հմտություններ, որոնք պետք են բոլորին անկախ մասնագիտությունից, ինչպես օրինակ՝ ժամանակի ճիշտ կառավարում և երկարաժամկետ նպատակների իրականացում։ Իսկ առողջության մասին ստացած գիտելիքներս ներդրեցի իմ կյանքում ու սկսեցի ապրել ավելի առողջ։

-Ինչո ւ ՞ ընտրեցիք հենց այս մասնագիտությունը:

-Յուրաքանչյուր մասնագիտություն մարդու կամ հասարակության համար ստեղծում է որևէ արժեք։ Բժշկի ստեղծած արժեքը մարդու առողջությունն է, որն ամենակարևորն է բոլորիս կյանքում: Ըստ ինձ՝ բժշկի մասնագիտությունն ամենավեհն է, և այն բավարարվածության զգացումը, երբ նույնիսկ մեկ մարդ քո շնորհիվ բուժվել և երջանիկ է․․․այս պատճառով ընտրեցի հենց բժշկությունը։

-Ո՞ր ուղղությամբ եք պատրաստվում մասնագիտանալ առաջիկայում:

-Դեռ վերջնական չեմ կողմնորոշվել նեղ մասնագիտության հարցում։ Կարծում եմ կգնամ սրտային վիրաբուժության կամ սրտաբանության ուղղությամբ, քանի որ սիրտը և նրա հետ կապված պաթոլոգիաները, դրանց առաջացման մեխանիզմները, բուժումն ու բուժման նոր մեթոդների մշակումը միշտ շատ են ինձ հետաքրքրել։

ԵՊԲՀում, ինչպես նաև ուսանողական գիտական ընկերության շրջանակում ակտիվ գործունեություն էիք ծավալում: Ինչպե՞ս կբնորոշեք այդ ժամանակահատվածը:

-Դեռևս առաջին կուրսից ընդգրկվել եմ ԵՊԲՀ ուսանողական գիտական ընկերության կազմում, և վերջին 2 տարիների ընթացքում հանդիսացել եմ այդ կառույցի նախագահը։ ՈւԳԸ-ում անցկացրած տարիներս շատ մեծ նշանակություն ունեն ինձ համար, քանի որ այս ընթացքում ես ձեռք բերեցի գիտական մտածելակերպ, տարբեր գիտնականների և կարևոր մարդկանց հետ շփվելու, կապեր հաստատելու, գիտական հետազոտություններ կատարելու, տվյալներ վերլուծելու հմտություններ։ Հանդիպեցի և շփվեցի նոբելյան մրցանակիրների, աշխարհահռչակ գիտնականների հետ, ինչպես նաև զարգացրեցի առաջնորդական որակներ, մենեջմենթի հմտություններ։ Այժմ էլ բժշկականի ընկերներիս հետ աշխատում ենք սեփական բիոտեխնոլոգիական ստարտափի ուղղությամբ։

-Ձեր գնահատմամբ, բժշկին ի՞ նչ հատկանիշներ են անհրաժեշտ:

-Բժիշկը պետք է ունենա էմպաթիայի՝ կարեկցանքի, զգացում հիվանդների նկատմամբ և միևնույն ժամանակ կարողանա լինել սառնասիրտ։ Ինչպես նաև բժիշկը պետք է լինի ինքնավստահ և ձեռք բերի հիվանդի վստահությունը և ճիշտ ուղղորդի վերջինիս։ Իսկ ինչն ամենակարևորն է նա պետք է միշտ բաց լինի նոր ինֆորմացիային և զբաղվի ինքնազարգացմամբ։

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ապագա բժիշկ դառնալու որոշում են կայացրել։

-Առաջին հերթին, խորհուրդ կտամ հասկանալ՝ ցանկանու՞մ են զբաղվել բժշկությամբ, արդյոք այդ որոշումը գիտակցված է, թե՞ ծնողների կամ բարեկամների ցանկությունը։ Իսկ ովքեր արդեն անցել են այս փուլը, խորհուրդ կտամ շատ կարդալ, նվիրվել ուսմանը, միևնույն ժամանակ մասնակցել բժշկական և բժշկագիտական գիտաժողովներին, ընդգրկվել հետազոտական խմբերում և հետևել դաշտի նորություններին և նորամուծություններին։

 

Հարցազրույցը՝  Տաթևիկ Գրիգորյանի