Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ 29-ամյա ասպիրանտն արժանացել է ԱՄՆ ASCO IDEA միջազգային հեղինակավոր մրցանակին

ԵՊԲՀ 29-ամյա ասպիրանտն արժանացել է ԱՄՆ ASCO IDEA միջազգային հեղինակավոր մրցանակին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուռուցքաբանության ամբիոնի 29-ամյա ասպիրանտ Սամվել Բարդախչյանն արժանացել է Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան ասոցիացիայի (American Society of Clinical Oncology – ASCO) IDEA (International Development and Education Award) հեղինակավոր մրցանակին: Սա ուռուցքաբանության ոլորտում շատ կարևոր միջազգային մրցանակ է:

Սամվել, ի՞նչ է իրենից ներկայացնում Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան ասոցիացիայի IDEA մրցանակը:

Այդ մրցանակն իրենից ենթադրում է Ասոցիացիայի կոնֆերանսին մասնակցության հրավեր, ինչպես նաև ամբողջական ֆինանսավորում: Բացի դրանից, նախատեսվում են այցեր ԱՄՆ ուռուցքաբանական կենտրոններ՝ կախված իմ ընտրությունից և նախասիրություններից: Ինձ կցում են այնտեղի բժիշկներից որևէ մեկին, և մեկնարկում է ուսուցողական գործընթաց, որից հետո ես տվյալ բժշկի հետ կապ եմ պահպանում, միասին տարբեր հոդվածներ ենք գրում կամ տարբեր հետազոտություններ անցկացնում:

Կոնֆերանսը պետք է անցկացվեր այս տարվա մայիսին, սակայն այն հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այնուամենայնիվ, անցկացվեց օնլայն հանդիպում, որի ընթացքում էլ հայտարարվեցին հաղթողների անունները, իսկ մնացած կարևոր միջոցառումները, այդ թվում՝ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, կկայանան մյուս տարի՝ մայիսին:

Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում Ձեր ստացած մրցանակը:

Այս ծրագիրն ուղղված է երիտասարդ ուռուցքաբանների խրախուսմանը՝ նպաստելով նրանց մասնագիտական առաջընթացին և զարգացմանը: Ինձ համար դա հնարավորություն է, որպեսզի կարողանամ ավելի կատարելագործվել իմ մասնագիտության ոլորտում, բարելավել իմ գիտելիքները, հմտությունները, ուսումնասիրել և կիրառել արտասահմանի փորձը, ծանոթանալ այնտեղի մասնագետների՝ ուռուցքաբանների հետ: Ծրագրի շրջանակներում նաև տարբեր զարգացող երկրների միջև ձևավորվում են թիմեր, որպեսզի նրանք կարողանան շարունակել հաղորդակցությունը նույնիսկ կորոնավիրուսի համավարակի պայմաններում:

  

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան