Սիրելի՛ բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առիթով:
Այս օրը ևս մեկ հնարավորություն է գնահատանքի խոսքեր հղելու և արժևորելու բուժաշխատողի դերն ու նշանակությունը հասարակության կյանքում:
Բուժաշխատողների նվիրված աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ ամեն օր հարյուրավոր մարդիկ վերականգնում են իրենց համար ամենաթանկը՝ առողջությունը, հաճախ նաև՝ կյանքը: Նրանց ներկայությունը օգնություն, վստահություն, հոգատարություն է, դժվար պահերին հիվանդի, նրա ընտանիքի կողքին գտնվելու կարևոր առաքելություն:
Բուժաշխատողների դերն ու աշխատանքն առավել ցայտուն արտահայտվեց, ինչպես Covid-19 համավարակի, այնպես էլ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ժամանակ, երբ հազարավոր բուժաշխատողներ հայտնվեցին առաջնագծում` փրկելով բազմաթիվ մարդկանց կյանքն ու առողջությունը:
Ուզում եմ ընդգծել, որ պաշտոնական վիճակագրությամբ 2021թ.-ին Հայաստանում անմիջական բժշկական օգնություն իրականացնող բժիշկների թիվը կազմել է 10.582, որը գերազանցել է 2020թ.-ի ցուցանիշին, սակայն հարկ է նշել, որ որոշ կարևոր մասնագիտությունների մասով արձանագրվել է ցուցանիշների նվազում: Այսպես, առողջապահության հիմք հանդիսացող անմիջական բժշկական օգնություն իրականացնող ընտանեկան բժիշկների թիվը ԱԱՊ օղակում 2016թ.-ից նվազել է 6%-ով, տեղամասային թերապևտներինը՝ 12%-ով և տեղամասային մանկաբույժներինը՝ 14%-ով:
Վերոնշյալ մասնագետների թվի նվազումն առավել մտահոգիչ է՝ հաշվի առնելով նրանց դերը ԱԱՊ օղակում, որը համարվում է առանցքային մարդու առողջության պահպանման ու ամրապնդման, հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում:
Հարկ է նշել, որ Հայաստանում անմիջական բժշկական օգնություն իրականացնող բժիշկների թիվը 1000 բնակչի հաշվով կազմել է մոտ 3.5, որը համապատասխանում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ 36 երկրների համանուն ցուցանիշին՝ 3.5: Հետևաբար, Հայաստանում չկա ավագ բուժաշխատողների թվի ավելցուկ:
Առողջապահական համակարգում առանցքային է նաև միջին բուժանձնակազմի դերը բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովման հարցում:
Տարիների ընթացքում թյուր կարծիք է ձևավորվել, որ մեր երկրում կա բուժքույրերի թվի ավելցուկ, ինչն էլ հանգեցրել է նրան, որ Հայաստանում վերջին 4 տարում միջին բուժաշխատողների թիվը շարունակաբար կրճատվում է։
Այսպես, 2021 թվականին Հայաստանում միջին բուժանձնակազմի թիվը եղել է 16.528, որը զիջում է 2020 թվականի ցուցանիշին` 16.612: 2021թ.-ին 10.000 բնակչի հաշվով եղել է 56.5 միջին բուժաշխատող, որը էապես ցածր է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ 36 երկրների միջին ցուցանիշից՝ 88, ինչը վկայում է, որ Հայաստանում միջին բուժաշխատողների թվի ավելցուկ ևս չկա:
Դեռ ավելին, միջին բուժաշխատող/ավագ բուժաշխատող փոխհարաբերությունը Հայաստանում 2016-2020թթ. ընթացքում շարունակաբար վատթարացել է՝ 1.32-ից հասնելով 1.16-ի, որը ամենացածր ցուցանիշներից է։
Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրերի դարբնոց համարվող մայր բուհի շրջանավարտների թիվը 2021թ.-ին կազմել է 1044, որը վերջին տարիներին գրանցած առավելագույն ցուցանիշն է:
ԵՊԲՀ-ն, որն այժմ գտնվում է միջազգային հավատարմագրման փուլում, իր մեկդարյա պատմության ընթացքում մշտապես կարևորել է կրթական ծրագրերը և դրանց շարունակական բարելավումը` առաջնահերթություն համարելով ապագա բժիշկների մեջ սերմանել բարձր մասնագիտական որակավորում և արժեքներ, կայուն գիտելիք ունենալու, շարունակաբար կատարելագործվելու և ժամանակին համահունչ հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտության գիտակցումը:
Թանկագին բուժաշխատողնե՛ր, շնորհավորում ենք բժշկական համակարգի նվիրյալներիդ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում առողջություն, անվտանգ գործունեություն, ուժ ու կորով ձեր ամենօրյա բարդ ու պատասխանատու առաքելության մեջ:
Հունիսի 21-ին Հայաստանը նշում է Բուժաշխատողի օրը (բժշկական անձնակազմի օր), որը նախկինում տոնում էին Խորհրդային Միությունում և մինչ օրս շարունակում է նշվել հետխորհրդային շատ երկրներում։
Խորհրդային Միությունում օրը նշվում էր 1980 թվականից ի վեր ամեն տարի` հունիսի 3-րդ կիրակին, և կոնկրետ ամսաթիվ սահմանված չէր: Հայաստանում 2009 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ Բուժաշխատողի օրը հունիսի 21-ն է: